«ՀՅԴ-ի եւ իմ միջեւ սեւ կատու չի անցել. եւ ո՞նց կարող էր նման բան լինել, եթե Դաշնակցությունը նախեւառաջ գաղափարախոսություն է, հետո նոր կուսակցություն։ Ես կողմ եմ գաղափարախոսությանը, բայց որպես անհատ կարող եմ շատ տարաձայնություններ ունենալ կուսակցության հետ»,- սեպտեմբերի 3-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց երգահան Ռուբեն Հախվերդյանը՝ պատասխանելով այն հարցին, թե հավաստի՞ են տեղեկությունները, որ իր եւ ՀՅԴ-ի միջեւ տարաձայնություններ կան։
Երգահանի խոսքով, «ուզում է հազար բյուրո փոխվի, հազար հատ դաշնակցական լիդերներ գան», իրենց միջեւ սեւ կատու չի կարող անցնել։ «Ինչ վերաբերում է երեկվա նրանց հանրահավաքին չմասնակցելուն, դրա պատճառը այն է, որ ես հեռու՝ Պռոշյան սովխոզում եմ ապրում»,- տեղեկացրեց նա։
Նշենք, որ երեկ՝ սեպտեմբերի 2-ին, ՀՅԴ Լեռնային Ղարաբաղ անկախության 19-ամյակին նվիրված հանրահավաք էր կազմակերպել, որին Ռուբեն Հախվերդյանը չի մասնակցել: Դրանից հետո, տեղեկություններ տարածվեցին, որ նրանց միջեւ «սեւ կատու է անցել»:




























