FAF ֆուտբոլային շարժման ներկայացուցիչները պահանջում են ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի և գործկոմի հրաժարականը: Նրանց պայքարը քաղաքական երանգներ չունի: Նոյեմբերի 24-ին տեղի կունենա հերթական երթը: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 18-ին, լրագրողների հետ զրույցում նշել է FAF-ի հիմնադիր անդամ Սերգեյ Ջանջոյանը:
Նա հիշեցրեց, որ նոյեմբերի 16-ին FAF ֆուտբոլային անդամները երթով շարժվեցին դեպի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացյիայի շենք, որտեղ 40 րոպե սպասելուց եւ պատասխան չստանալուց հետո հանդես եկան վերջնական հայտարարությամբ: Նրանք պահանջեցին ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի եւ գործկոմի հրաժարականը:
Ջանջոյանն ասաց, որ հաջորդ երթը տեղի կունենա նոյեմբերի 24-ին: Այդ օրը ժամը 18.00-ին ֆուտբոլասերները Արամ Խաչատրյանի արձանի մոտից կշարժվեն դեպի ՀՖՖ շենք:
Նրա խոսքով, Ռուբեն Հայրապետյանի հրաժարականի պահանջը քաղաքական երանգներ չունի, պարզապես երկրպագուները գոհ չեն ֆուտբոլի արդյունքներից եւ քանի որ նրանց առաջ քաշված երեք պահանջները չեն բավարարվել, այլ մի բան էլ հակառակը՝ նրանց վիրավորել են, ապա FAF-ի նախորդ երթի պահանջներին ավելացել է նորը՝ Ռուբեն Հայրապետյանի հրաժարականը:
Երթը սկսվում է աշխատանքային ժամի ավարտին եւ այդ պահին ՀՖՖ շենքում աշախատակիցներ չեն լինում, սակայն FAF-ը հաշվի է առնում նաեւ այն փաստը, որ իրենց անդամների ու ֆուտբոլասերների շրջանում էլ բազմաթիվ աշխատող մարդիկ կան, ուստի երթն ավելի շուտ անցկացնել հնարավոր չէ:
Հիշեցմանը, որ նախորդ երթի ժամանակ մի քանի ակտիվիստներ բերման ենթարկվեցին, սակայն նրանց շատ շուտ ազատ արձակեցին, Ջանջոյանն արձագանքեց. «Մեզ ոչ ոք չի սպառնացել: Ֆեդեացիայից էլ ոչ ոք մեզ հետ չի կապնվել: Միայն Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ով ցանկացել է հանդիպել մեզ հետ եւ խնդրել, որպեսզի այսուհետ ճայթռուկներ եւ պայթուցիկ նյութեր չօգտագործենք:
Մեր անհնազանդությունը կարող է դուրս գալ փողոցներից ու տեղափոխվել հայաստանյան մարզադաշտեր, որտեղ կանցկացվեն Հայաստանի առաջնության հանդիպումները, ու նման կերպ կարտահայտենք մեր բողոքը»- հավելեց Ջանջոյանը:
Հարցին՝ արդյոք ֆուտբոլասերները գոհ կլինե՞ն, եթե Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ նշանակվի Վարուժան Սուքիասյանը, ով հավաքականում աշխատելու փորձ ունի, FAF-ի ներկայացուցիչները պատասխանեցին, որ հարգում են Սուքիասյանին որպես մարզիչ, սակայն նրանց պահանջը օտարերկրացի բարձրակարգ մարզիչն է:
FAF-ի տեղեկությամբ, ազգային հավաքականի որոշ ֆուտբոլիստներ ողջունում են իրենց քայլերը, սակայն բարձրաձայնել նրանց անունները FAF-ը չի կարող:
Վերա Մարտիրոսյան/ Vera&Football





























