Ռազմական ինստիտուտում 2015թ. հունվարին դաժանաբար սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի գործով առաջին դատական նիստն այսօր՝ նոյեմբերի 18-ին, Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց միջադեպով (ֆոտոռեպորտաժ):

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ դատական նիստի սկզբում, երբ դատարան բերեցին մեղադրյալներին, դատարանի դահլիճում նստած՝ Հայկազ Բարսեղյանի մայրն ու տատը վեր կացան նստած տեղից եւ փորձեցին մոտենալ նրանց հետեւյալ բառերով. «Արի թքեմ երեսիդ, թուրքի լամուկներ, անաստվածներ, իմ 19 տարեկան երեխուն են սպանել»:

Նրանց հետ պահեցին դատարանի աշխատակցիները, մեղադրյալներին հեռացրին դատական նիստերի դահլիճից:

Այդ ընթացքում վատացավ Հայկազ Բարսեղյանի մոր ինքնազգացողությունը, նրան ջուր տվեցին: Միեւնույն ժամանակ մեղադրյալներին գոռգոռալով փորձում էր մոտենալ Հայկազ Բարսեղյանի հայրը:

Երբ մի փոքր հանդարտվեցին, դատարանի դահլիճում նստած ինչ-որ երիտասարդներ փորձեցին պաշտպանել մեղադրյալներին, սկսեցին հայհոյել, ինչից հետո նրանց դուրս հանեցին դահլիճից։

Դատական կարգադրիչները նիստերի դահլիճից հեռացրին տղաներին ու եւս մի քանի մարդու:

Նշենք, որ դատարանի դահլիճում են նաեւ մեղադրյալների հարազատները, նրանք ողջ ընթացքում լուռ նստած են:

Հայկազ Բարսեղյանի տատն իր հետ բերել էր Հայկազի լուսանկարը:

Ըստ մեղադրական եզրակացության՝ ռազմական ինստիտուտի կուրսանտներ Գնել Թևոսյանը, Նորիկ Սահակյանը,Վաչե Սահակյանը և Մովսես Ազարյանը հունվարի 29-ին ժամը 02:00-ից 03:00-ի սահմանում զորամասի առաջին գումարտակի առաջին մարտկոցի թիվ 408 ննջարանում առանձին դաժանությամբ, խուլիգանական դրդումներով սպանել են Հայկազ Բարսեղյանին:

4 կուսանտների դատաքննության հետ քննվում է  նաեւ կուրասանտ Վարազդատ Սաֆարյանի գործը: Ըստ մեղադրանքի՝ նա  2014թ. նոյեմբերի 16-ին ժամը 21.00-ի սահմանում նույն մարտկոցի կուրսանտ Տ. Մանասերյանին շարքում խոսելու համար դիտողություն անելուց ու նրա կողմից հակադարձում ստանալուց հետո Վաչե Սահակյանի, Մովսես Ազարյանի հետ ծեծի է ենթարկել Մանասերյանին: Բացի այդ՝ 2015թ. հունվարին լսարանում խոսելու համար ծեծի է ենթարկել համածառայող Արտուշ Սիմոնյանին:

Գործը քննվում է Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:

Հիշեցնենք, որ 2015թ. հունվարի 29-ին՝ ժամը 06:35-ի սահմանում Երեւանում տեղակայված ուսումնական զորամասերից մեկի մարզահրապարակում հայտնաբերվել էր նույն զորամասի 1-ին կուրսի ուսանող Հայկազ Արկադիի Բարսեղյանի դին՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում:

Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով: Մեղադրանք էր առաջադրվել Հայկազ Բարսեղյանի համածառայակիցներ Վաչե Սահակյանին, Մովսես Ազարյանին, Գնել Թեւոսյանին եւ Նորիկ Սահակյանին, նրանք կալանավորված են:

Նույն դեպքով օրեր անց կալանավորվել է նաեւ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի սպա, կապիտան Արտյոմ Ավետիսյանը, որին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով:

Տուժող կողմը գոհ է նախաքննությունից, մեղադրվող կողմը դժգոհ: Ըստ կուրսանտների փաստաբանների՝ նախաքննությանը բավարար ապացույցներ չեն հավաքվել, որոնք ապացուցում են մեղադրյւալների մեղավորությունը: