Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում 2015թ. հունվարին դաժանաբար սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի գործով առաջին դատական նիստը այսօր՝ նոյեմբերի 18-ին, Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հետաձգվեց պաշտպաններից մի քանիսի բացակայության պատճառով:

Դատական նիստին չէր ներկայացել մեղադրյալ կուրսանտներից Վաչե Սահակյանի փաստաբան Արմեն Նադիրյանը, նա դատարանին գրությամբ տեղեկացրել էր, որ նույն ժամին այլ դատական նիստ ունի:

Նիստին ներկա չէին նաեւ մեղադրյալ Վարազադատ Սաֆարյանն ու նրա փաստաբան Ազատ Շահբազյանը, նրանք բացակայության մասին չէին տեղեկացրել դատարանին:              

Դատական նիստի հետաձգվելը բարկացրեց Հայկազի մորը, նա բղավեց «տականքներ» եւ ուշագնաց եղավ, «Շտապօգնություն» ժամանեց, նրան առաջին օգնություն ցույց տվեցին:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 1-ին:

Նիստը նախագահում է դատավոր Դավիթ Հարությունյանը:

Ըստ մեղադրական եզրակացության՝ ռազմական ինստիտուտի կուրսանտներ Գնել Թևոսյանը, Նորիկ Սահակյանը,Վաչե Սահակյանը և Մովսես Ազարյանը հունվարի 29-ին ժամը 02:00-ից 03:00-ի սահմանում զորամասի առաջին գումարտակի առաջին մարտկոցի թիվ 408 ննջարանում առանձին դաժանությամբ, խուլիգանական դրդումներով սպանել են կուրսանտ Հայկազ Բարսեղյանին:

4 կուսանտների դատաքննության հետ քննվում է  նաեւ կուրսանտ Վարազդատ Սաֆարյանի գործը: Ըստ մեղադրանքի՝ նա  2014թ. նոյեմբերի 16-ին ժամը 21.00-ի սահմանում նույն մարտկոցի կուրսանտ Տ. Մանասերյանին շարքում խոսելու համար դիտողություն անելուց ու նրա կողմից հակադարձում ստանալուց հետո Վաչե Սահակյանի, Մովսես Ազարյանի հետ ծեծի է ենթարկել Մանասերյանին: Բացի այդ՝ 2015թ. հունվարին լսարանում խոսելու համար ծեծի է ենթարկել համածառայող Արտուշ Սիմոնյանին:

Գործը քննվում է Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:

Հիշեցնենք, որ 2015թ. հունվարի 29-ին՝ ժամը 06:35-ի սահմանում Երեւանում տեղակայված ուսումնական զորամասերից մեկի մարզահրապարակում հայտնաբերվել էր նույն զորամասի 1-ին կուրսի ուսանող Հայկազ Արկադիի Բարսեղյանի դին՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում:

Տուժող կողմը գոհ է նախաքննությունից, մեղադրվող կողմը` դժգոհ: Ըստ կուրսանտների փաստաբանների՝ նախաքննությանը բավարար ապացույցներ չեն հավաքվել, որոնք ապացուցում են մեղադրյալների մեղավորությունը: