Սան Ֆրանցիսկոյի բնակիչ Այսիս Անշալին (Isis Anchalee) բողոքել է, որ Facebook-ը արգելափակել է սոցցանցում իր հաշիվը իր անվան եւ «Իսլամական պետության» անգլիալեզու հապավման (ISIS) նմանության պատճառով։ Այս մասին նա գրել է Twitter-ի իր էջում։

«Facebook-ը կարծում է՝ ես ահաբեկիչ եմ։ Ըստ երեւույթին նրանց համար բավական չէ իմ անձնագրի սքրինշոթը ուղարկելը»,- գրել է Այսիսը։

Twitter-ում աղջիկը նաեւ տեղադրել է իր հաշվի արգելափակումը հաստատող սքրինշոթը։ «@facebook, ինչու՞ եք դուք արգելափակել իմ անձնական հաշիվը։ Սա իմ իրական անունն է՝ Այսիս Անշալի»,- գրել է նա, փոխանցում է Lenta-ն։

Facebook-ի ներկայացուցիչ Օմիդ Ֆարիվարը հրապարակավ ներողություն է խնդրել՝ ասելով, որ իրենք ցավում է կատարվածի համար, եւ կանեն ամեն բան իրավիճակը հնարավորինս արագ շտկելու համար։