Ամերիկյան Smart Ltd ընկերությունը հայելի է  ստեղծել, որն ի վիճակի է առանց բջջային հեռախոսի կամ ֆոտոխցիկի սելֆի անել, տեղեկացնում է  Lenta-ն` վկայակոչելով The Mirror-ին:

Նոր ապրանքը ցուցադրող տեսանյութում ասվում է, որ հայելին կարող է պրոֆեսիոնալ լուսանկարներ կամ տեսնյութեր նկարել, որոնք հետո կարելի է տեղադրել  Instagram-ում կամ YouTube-ում: Սարքի կառավարումն իրականացվում է սենսորային հարթակի միջոցով:  

Լուսանկարներն անում է գաղտնի տեսախցիկը, որը գտնվում է հայելու մակերեւույթին: Սարքը զինված է շարժման տվիչներով եւ կարող է հետեւել տանը տեղի ունեցող դեպքերին` անթել կապով լուսանկարներն ուղարկելով սմարթֆոնի տիրոջը: Բացի այդ, ներկառուցված բարձրախոսների միջոցով կարող է երաժշտություն վերարտադրել: 

Ինչպես նշում է The Mirror-ը, նոր գյուտը կարող է սելֆի-ձողի մրցակիցը դառնալ:  

Ենթադրվում է, որ սթարտապը կֆինանսավորվի քրաուդֆանդինգային  Indiegogo հարթակի միջոցով, սակայն այժմ արդեն հնարավոր է արտադրողի կայքում նախնական պատվեր ձեւակերպել: 68,5 սանտիմետրը 119,3-ի վրա չափեր ունեցող սարքի արժեքը կկազմի  250 դոլար, իսկ ավելի փոքր`  68,5-ը 80-ի վրա նմուշը կարժենա 200 դոլար: