Google-ը հայտարարել է իր Google+ սոցցանցի վերագործարկման մասին` զգալիորեն փոփոխելով նրա ֆունկցիոնալությունը: Այդ մասին տեղեկացնում է Lenta-ն` վկայակոչելով Techcrunch-ին:
Ընկերությունում նշում են, որ Google+-ը հիմնականում օգտագործում են քննարկումների համար եւ նորարարությունները պիտի այդ գործընթացն ավելի պարզ ու հարմար դարձնեն: Այժմ շեշտը դրված է նրա երկու գործառույթի վրա` «հավաքածուներ» եւ «ընկերակցություններ», իսկ մնացածը նվազագույնի են հասցված: Օրինակ, օգտատերերը զրկվել են հանդիպումներ կազմակերպելու եւ գեոնիշեր թողնելու հնարավորությունից:
«Հավաքածուներ» գործառույթը մայիսին է ավելացվել Google+-ին, այն հնարավորություն է տալիս որոշակի թեմատիկայով` օգտատերերի կոնկրետ հակումներին համապատասխանող էջեր ստեղծել:
Մասնակիցները կարող են այնտեղ լուսանկար եւ տեսանյութ հրապարակել, հղումներ տեղադրել, ինչպես նաեւ բաժանորդագրվել կոնկրետ «հավաքածուների» թարմացումներին: «Ընկերակցությունները» սոցցանցում հայտնվել են դեռեւս երեք տարի առաջ, այդ գործառույթը մարդկանց թույլ է տալիս խմբերի մեջ միավորվել ընդհանուր թեմաներ քննարկելու համար:
Google+ սոցցանցը ստեղծվել էր 2011-ի հունիսին, բայց երեք տարի անց ընդամենը 400 միլիոն ակտիվ օգտատեր ուներ, իսկ ընկերության այլ ծառայությունների կողմից ավելորդ ժողովրդականացման համար օգտատերերի ու վիդեոբլոգերների կանոնավոր ծաղրին էր արժանանում: Մասնավորապես, Google+ -ի վերաբերյալ անընդհատ կատակներ էր անում YouTube-ային կատակերգու Ռեյ Ուիլյամ Ջոնսոնը, որն ավելի քան 10 միլիոն բաժանորդ ունի:
Ավելի վաղ` նոյեմբերին Google-ն ընդլայնեց իր մի շարք ծառայություններ: Ռուս օգտատերերը մուտք ստացան Google Flights ագրեգատորին, որը հնարավորություն է տալիս ներքին եւ միջազգային չվերթների համար ավիատոմսեր փնտրել: Իսկ Google Search որոնողական հավելվածը սովորեց պատասխանել բարդ ձեւակերում ունեցող հարցերի: Արդյունքում ծառայությունն այժմ ոչ միայն կարող է առանցքային բառերով որոնումների ցուցակ ներկայացնել, այլեւ ուղղակի պատասխան տալ հարցին:





























