Տղամարդը, որից բաժանվելու պատճառով,  ըստ շրջանառվող տեղեկությունների, նոյեմբերի 16-ին Երեւանում կախվել է 29-ամյա Լիդա Աղեկյանը, չի գնացել նրա հոգեհանգստին: Այս մասին NEWS.am-ին ասաց Լիդա Աղեկյանի ծանոթներից մեկը, որը խնդրեց չհրապարակել իր անունը։

«Կարծում եմ` ռիսկ չէր անի գար, որովհետեւ կռվի կվերածվեր։ Հիմա բոլորը նրան են մեղադրում Լիդայի մահվան մեջ»,– ասաց աղբյուրը։

Լիդա Աղեկյանի ոգեհանգիստը տեղի է ունեցել նոյեմբերի 18-ին: Նրա ծնողներն արդեն Հայաստան են ժամանել ՌԴ-ից, վաղը նրան կհուղարկավորեն։  

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երեւանի բնակարաններից մեկում նոյեմբերի 16-ին, հայտնաբերվել է 29-ամյա կնոջ դի՝ կախված վիճակում:

Լիդա Աղեկյանն ապրում էր հորաքրոջ տանը, ծնողները ՌԴ-ում են: Ինքնասպանություն գործելու պահին նա տանը մենակ է եղել:

NEWS.am-ի տեղեկություններով՝ նշանադրության օրը նշանակված է եղել, սակայն նրանք բաժանվել են, չեղյալ են հայտարարել նշանադրությունը, ինչը նրան հոգեկան ծանր ապրումների մեջ է գցել:

Շենքի բնակիչներից մեկը մեզ հետ զրույցում ասել էր, որ լսել է, որ Լիդա Աղեկյանը ինքնասպանություն գործելուց առաջ հաղորդագրություն է գրել ընկերոջը` ասելով, որ ինքնասպան է լինելու:

Քննչական կոմիտեում նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: