Ադրբեջանական SOCAR ընկերությունը եւ մենաշնորհային դիրք զբաղեցնող ռուսական «Գազպրոմը» լրացումներ են կատարել գազի փոխադրման  վերաբերյալ համաձայնագրում, համաձայն որի՝ 2011 թվականից Ռուսաստան մատակարարվող գազի ծավալներն աճելու են մինչեւ տարեկան 2 միլիարդ խմ, իսկ 2012 թվականից՝ տարեկան 2 միլիարդ խմ-ից ավելի:

Ինչպես հայտնում է  Trend-ը, համաձայնագիրը ստորագրվել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի՝ Բաքու կատարած պաշտոնական այցի շրջանակներում: «Այսօր մեր ադրբեջանական կոլեգաների հետ հանդիպման ժամանակ՝  SOCAR ընկերության նախագահ Ռովնագ Աբդուլլաեւի հետ, մենք վերլուծել ենք ընթացիկ տարվա հունվար-օգոստոս ամիսներին Ադրբեջանից Ռուսաստան մատակարարված գազի վերաբերյալ համաձայնագիրը, մեր հարաբերությունների զարգացման հնարավորությունները,  եւ եկել ենք ավելի մեծ ծավալով գազ գնելու վերաբերյալ համաձայնության»,-հայտարարել է «Գազպրոմի» կառավարման խորհրդի նախագահ  Ալեքսեյ Միլլերը: Համաձայն SOCAR ընկերության տվյալների՝ հունվար-հուլիս ամիսների ընթացքում կնքված միջանկյալ համաձայնագրի շրջանակներում, ընկերությունը Ռուսաստան է արտահանել ավելի քան 494,6 միլիոն խմ գազ: Հուլիս ամսին՝ Ռուսաստան է փոխադրվել 66,4 խմ-ից ավելի ադրբեջանական գազ: Հունիս ամսին փոխադրված գազի ծավալը կազմել է 81,54 միլիոն խմ: