Աշխարհում զբոսաշրջիկների մոտ 30 տոկոսը նախընտրում է տուրիստական փաթեթներ գնել եւ վճարումներ կատարել ինտերնետի միջոցով։ Հայաստանի համար նման հնարավորություն ստեղծվել է մի քանի ամիս առաջ, ինչը, փորձագետների կարծիքով, կարող է նպաստել Հայաստան զբոսաշրջիկների այցերի ավելացմանը առնվազն 15-20 տոկոսով։ ԱՄՆ ՄԶԳ «Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում» (CAPS) ծրագրի զբոսաշրջության ոլորտի համակարգող Գեռա Ոսկանյանի տեղեկացմամբ՝ արդեն իսկ հայաստանյան 15 բանկեր տրամադրում են միջազգային մաստեր քարտի առցանց վճարումային համակարգի հնարավորություն։ Նախկինում զբոսաշրջիկները կարող էին առցանց Հայաստանում հյուրանոցային համար պատվիրել, սակայն վճարումները պետք է տեղում կատարեին։ «Հաճախ այդ պատճառով հատկապես եվրոպացի եւ ամերիկացի տուրիստները նախընտրում էին Հայաստան գալու փոխարեն գնալ այլ երկրներ, միայն այն բանի համար, որ նրանց համար ավելի հարմար էր ինտերնետի միջոցով ոչ միայն ամրագրել, այլեւ միանգամից վճարել ամբողջ տուրփաթեթի արժեքը»,- NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց Գ. Ոսկանյանը։

Այժմ Հայաստանում պատրաստվում է վեբ- պորտալ, որտեղ ներառված կլինեն Հայաստանում գործող բոլոր զբոսաշրջային գործակալություններն ու հյուրանոցները։  Հայաստան այցելել ցանկացող զբոսաշրջիկները հնարավորություն կունենան ավելի ամբողջական տեղեկատվություն ստանալ տուր- փաթեթների մասին, ինչպես նաեւ՝  ինտերնետի միջոցով վճարել դրանց արժեքը։  

Գ. Ոսկանյանը տեղեկացրեց նաեւ, որ հայաստանյան բանկերը դեռեւս կառաջարկեն միայն միջազգային մաստեր քարտի օնլայն վճարումների համակարգ։ Մինչեւ տարեվերջ նախատեսվում է նաեւ վիզա քարտի հնարավորություն։  

Նշենք, որ 2009 թ. Հայաստան է այցելել 575 հազ. զբոսաշրջիկ, որոնցից կեսը ԱՄՆ-ից եւ Եվրոպայից։ Այս տարվա 6 ամիսների ընթացքում Հայաստան է այցելել 230 հազ. զբոսաշրջիկ, որը 11,2 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։

Լուսինե Մովսիսյան