Իրանական իշխանությունները թույլ չեն տա արագ սննդի McDonald's ռեստորանների ցանցի մուտքն իրենց երկիր՝ ԱՄՆ-ի հանդեպ բացասական վերաբերմունքի պատճառով: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Իրանի արդյունաբերության, հանքերի եւ առեւտրի նախարարի առաջին տեղակալ Մոջթաբ Հոսրոութաջը:

«Սպառողական մի շարք ապրանքներում կարելի է ԱՄՆ-ի խորհրդանիշը տեսնել, օրինակ՝ McDonald's-ում: Տարբեր երկրներում մարդիկ այն դիտարկում են որպես իրենց երկրում ամերիկյան ներկայություն: Բազմաթիվ տարիների Իրանի ժողովուրդը գիտակցել է, որ ԱՄՆ-ն մեր թշնամիներից է: Մարդիկ կարծում են, որ այս փուլում մենք չպետք է թույլ տանք Իրանում խորհրդանիշը մի երկրի, որի հետ մենք տարբեր կոնֆլիկտներ եւ միջազգային հարցերում տարբեր դիրքորոշումներ ունենք»,- հայտարարել է փոխնախարարը:

Պաշտոնյան ենթադրում է, որ բարդ հարաբերությունների պատճառով ամերիկյան ապրանքները պահանջված չեն լինի Իրանի քաղաքացիների շրջանում: