Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում այսօր` նոյեմբերի 19–ին, հողին են հանձնել օրերս Հանքավանում սպանված երեք երիտասարդներին։ (ֆոտոռեպորտաժ)
.jpg)
Լուսանկարում՝ Վահե եւ Վարդան Գալստյանները
35–ամյա Վահե եւ 25–մյա Վարդան Գալստյան եղբայրներին հողին հանձնեցին Հրազդանում նրանց հոր կառուցած եկեղեցու բակում։ Հուղարկավորությանը մասնակցում էին մեծ թվով հրազդանցիներ, բոլորը ասում էին, որ ցնցված են կատարվածից։
Բարեկամները NEWS.am–ի հետ զրույցում ասացին, որ որդեկորույս ծնողները դեռ չեն խոսում կատարվածի համար մեղավորի, կամ այն մասին, թե ինչ պատժի է նա արժանի։
Նույն օրը Հրազդանում հողին հանձնեցին նաեւ ողբերգական դեպքի երրորդ զոհին` Արմեն Հովհաննիսյանի մարմինը։ Երիտասարդի ծնողները, որոնք բնակվում են Հունաստանում, այդպես էլ չեն կարողացել մասնակցել որդու հուղարկավորությանը, անհրաժեշտ փաստաթղթերի բացակայության պատճառով։

Լուսանկարում՝ Արմեն Հովհաննիսյանը
27–ամյա երիտասարդի մահը սգում էր ամբողջ Հրազդանը։ Նրան հողին հանձնեցին քաղաքի գերեզմանատանը։
Վարդան Գալստյանն ու Արմեն Հովհաննիսյանը ամուսնացած չէին: Վահե Գալստյանը երկու անչափահաս զավակների հայր էր:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ի երեկոյան կրակոցներ էին հնչել Հանքավանի «Տաք ջուր» կոչվող տարածքում, ինչի հետեւանքով մահացել էին եղբայրներ 25-ամյա Վարդան եւ 35-ամյա Վահե Գալստյանները, նրանց ընկեր, 27-ամյա Արմեն Հովհաննիսյանը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ կողմերի վիճաբանության պատճառը եղել է ծառահատումը: Ըստ այդմ, սպանված երիտասարդները` Վարդան ու Վահե Գալստյանները, Հայրապետ Սեփոյանի հոր հետ վիճել են այն պատճառով, որ վերջինս կտրել է նրանց հոր` Հանքավանում գործարար Ֆրունզե Գալստյանի տնկած ծառը, որդին հոր վրեժը լուծելու համար Հանքավանի «Տաք ջուր» առողջավայրում ինքնաձիգով կրակել է Վահեի մեքենայի վրա, ինչի հետեւանքով մեքենայում գտնվող երեք երիտասարդները մահացել են։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում նոյեմբերի 17-ին քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու կամ ավելի անձանց սպանություն), 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն ռազմամթերքի ձեռք բերել, պահել)։











