Մոսկվան եւ Բաքուն ստորագրել են պետական սահմանի պայմանագիրը: Այն նպատակ ունի ամրապնդել պետական սահմանի գիծը՝ Ռուսաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի համատեղ սահմանից մինչեւ Կասպից ծով: Ռուսաստանն առաջին երկիրն է, որի հետ Ադրբեջանը նման պայմանագիր ունի:
Ինչպես հաղորդում է «Էխո Կավկազա»-ն, կողմերը նաեւ համաձայնագիր են ստորագրել միջսահմանային Սամուր գետի ռեսուրսներից օգտվելու մասին: Համաձայնագիրը նախատեսում է ռուս-ադրբեջանական հանձնաժողովի ստեղծում, որն իրականացնելու է Սամուրի ջրի օգտագործում 50/50 համամասնութամբ: «Այդ փաստաթղթերը հիմնարար նշանակություն ունեն երկու երկրների ռազմավարական գործընկերության համար»,- ասել է ՌԴ նախագահի օգնական Սերգեյ Պրիխոդկոն:
Փաստաթղթերը ստորագրվել են Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի Ադրբեջան կատարած պետական այցի շրջանակներում:



























