19–ամյա աղջիկը ոստիկանություն հաղորդում է տվել այն մասին, որ 25–ամյա երիտասարդը նոյեմբերի 14-ին բռնաբարել է իրեն Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքում։
NEWS.am-ի հետ զրույցում Ծովագյուղի գյուղապետ Վահրամ Գեւորգյանը հաստատեց այս տեղեկությունը, սակայն հստակեցրեց, որ 19-ամյա աղջիկը եւ 25-ամյա տղան իրենց գյուղից չեն. տղան պարզապես ապահով վայր է գտել, որտեղ էլ առեւանգելուց հետո տեղափոխել է աղջկան:
«Էդ աղջիկը մեր գյուղից չի, կողքի՝ Գավառի գյուղերից ա: Տղեն ամուսության նպատակով փախցրել, բերել ա մեր գյուղ, հետո կեսից չի ստացվել: Ավելի ճիշտ՝ ամեն ինչ ստացվել ա, ամուսնությունը չի ստացվել: Չգիտեմ` տղեն սիրել ա աղջկան, թե չէ, բայց ինչ եղել ա, արդեն եղել ա»,-ասաց գյուղապետը՝ հավելելով, որ տեղյակ չէ, թե քանի հոգով են առեւանգել աղջկան:
Վահրամ Գեւորգյանը չի շտապում կատարվածը բռնաբարություն անվանել, իր դիրքորոշումն այս հարցում ավելի պատկերավոր արտահայտելու համար հիշեց «թել ու ասեղի» հին անեկդոտը:
«Նենց չի եղել, որ աղջկա կամքը չի եղել, ուղղակի հասել ա տուն, փոշմանել ա: Բայց լուրջ հարց չի, ուզում են բարիշել»,-նշեց գյուղապետը:
Գյուղապետը մանրամասնեց, որ տղան աղջկա հետ սեռական հարաբերություն է ունեցել ավտոտնակում՝ մեքենայի հետեւի նստատեղին:
ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնեցին, որ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ ՔՕ-ի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ մարդուն առևանգելը) և 138 հոդվածի 1-ին մասով (բռնաբարությունը):




























