Կառավարող վարչախումբը բացահայտ կերպով փորձում է բռնության միջոցով ստանալ հանրաքվեի՝ իր համար անհրաժեշտ դրական արդյունք, որը հանգեցնելու է բռնապետության հաստատման եւ, ի պատասխան դրա՝ քաղաքացիների հավանական ընդվզման՝ այդ ամենից բխող անցանկալի ծանր հետեւանքներով: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 20-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է «Ընդդիմության միասնական շտաբ»-ի մամուլի խոսնակ Վարուժան Ավետիսյանը՝ հավելելով, որ այդ ամենի ամբողջ պատասխանատվությունը կրելու է վարչախումբը:

Նրա խոսքով՝ նման պայմաններում անցկացվող հանրաքվեն եւ դրա արդյունքներն ի սկզբանե լեգիտիմ չեն եւ, եթե այդ հանգամանքը մինչ այդ ակնհայտ էր ՀՀ քաղաքացիների համար, ապա դրանից հետո որպես անառարկելի փաստ ակնհայտ կդառնա ամբողջ միջազգային համայնքի համար:

Իրավապաշտպաններ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը եւ Լրագրողները հանուն մարդու իրավունքների ՀԿ նախագահ Ժաննա Ալեքսանյանը հայտարարել են, որ նոր սահմանադրության դեմ գործող անձանց, առաջին հերթին՝ «Նոր Հայաստան» ճակատի ներկայացուցիչների դեմ համակարգված կերպով իրականացվող հալածանքի սաստկացումը վկայում է այն մասին, որ վարչախումբը փորձելու է նրանց ղեկավարներին հերթական անգամ ապօրինի կերպով կալանքի ենթարկել, որպեսզի կարողան ապահովել  հանրաքվեի դրական արդյունքը:

Նրանք նաեւ հայտարարել են, որ պատրաստ են արագ արձագանքելու վարչախմբի կողմից սպասելի բռնությունների ալիքին եւ ստանձնելու բռնության ենթարկվող քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը: