Ռուսաստանի ԱԳ նախարարությունը սրբապղծություն է որակել Բելառուսի նախագահի այն հայտարարությունը, ըստ որի Մոսկվան կարող է մասնակից լինել Մինսկում Ռուսաստանի դեսպանատան պայթյունին։

Ինչպես հայտնում է «Էխո Մոսկվին», Բելոռուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ չի բացառում պայթյունին ռուսական կողմի մասնակցությունը։

«Հնարավոր է՝ դրանք ռուս անարխիստներ են եղել»,- հայտարարել է նա։

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ չի ուզում մեկնաբանել այս հայտարարությունները։ Նա ասել է, որ լսել է, թե «հետք է հայտնաբերվել եւ շուտով հայտնի կլինեն կասկածյալները»։ «Սպասենք դրան»,- կոչ է արել Ռուսաստանի ԱԳ նախարարը։

Նշենք, որ օգոստոսի 30-ին անհայտ անձիք Մինսկում Ռուսաստանի դեսպանատան վրա դյուրավառ հեղուկներով շշեր էին նետել։ Դրանցից մեկը վնասել էր դեսպանատան ավտոմեքենաներից մեկը։ Մարդկային զոհեր չէին եղել։