Ռուսաստանի կողմից ցորենի արտահանման էմբարգոն մասնակի վերացնելու որոշումը նախեւառաջ թույլ կտա ամբողջովին Հայաստան բերել այն 950 տոննա սերմացուն, որը Հայաստանի կառավարությունը ձեռք է բերել սերմնաբուծության զարգացման ծրագրի շրջանակներում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը:
Ինչ վերաբերում է պարենային ցորենին, ապա այս ուղղությամբ էլ աշխատանքներ տարվում են, թեեւ նախարարը հավաստիացրեց, որ Հայաստանն ունի 3 ամսվա ցորենի պաշար։ Ռուսաստանի կողմից ցորենի արտահանման արգելքից հետո (օգոստոսի 15-դեկտեմբերի 31 ժամանակահատվածում) Հայաստանն սկսել է ցորեն ներկրել Իրանից, Ղազախստանից, Բուլղարիայից, Բելառուսից, արդեն կնքվել են համապատասխան պայմանագրեր։ Բայց նաեւ Ռուսաստանի եւ Ուկրաինայի իշխանությունների հետ բանակցություններ են տարվում, նախկինում կնքված պայմանագրերում նշված ցորենի խմբաքանակները նույնպես Հայաստան ներկրելու համար։
Նախարարն անդրադարձավ նաեւ այն հակասական տեղեկություններին, որ վերաբերում են ցորենը Հայաստան տեղափոխելու տրանսպորտային ծախսերին, որի հետեւանքով էլ մեր երկրում ալյուրի եւ հացի գինը բավական բարձր է։ Հիշեցնենք, որ օգոստոսի 30-ի մամուլի ասուլիսում Գ. Ալավերդյանը, հիմնվելով տնտեսվարողների տվյալների վրա, հայտարարեց, որ Այրումից Երեւան բեռնափոխադրումն արժե 30 դոլար՝ նախկին 8 դոլարի փոխարեն։ Այդ հայտարարությունից հետո «Հարավկովկասյան երկաթուղիները» հերքեցին տեղեկատվությունը։ NEWS.am-ին տրված պարզաբանման մեջ նշվում էր, մասնավորապես, որ Այրում-Երեւան ունիվերսալ վագոնով 1 տոննա բեռի փոխադրման սակագինը ներկայում կազմում է 5628 դրամ (մոտ 15 դոլար)։ Մինչեւ հուլիսի 1-ն այն կազմել է 5505 դրամ։ Գյուղատնտեսության նախարարն ասաց, որ ցորեն ներմուծող տնտեսվարողների հետ հանդիպել էր ասուլիսից 15 րոպե առաջ եւ տեղեկատվությունը ստացել է անմիջապես իրենցից։ Նախարարը խոստացավ NEWS.am-ին օժանդակել անմիջապես զրուցել խոշոր ներկրողների հետ եւ լրացուցիչ պարզաբանումներ ստանալ։
Հարցին, թե ինչո՞ւ հայ գործարարները ալյուր չեն ներկրում (ավելին՝ 2010 թ. ընթացքում ալյուրի ներկրումը 10 անգամ նվազել է), նախարարն ասաց, որ այդ պարագայում ռիսկերն ավելի մեծ են, քանի որ ցորենի բեռնումն ու տեղափոխումը ավելի ապահով եւ էժան է։



























