Այսօր` սեպտեմբերի 3-ին Հայաստան վերադառնալուց առաջ, ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը հանդիպել է ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում եւ Արցախում իրականացվող գյուղատնտեսական զարգացման ծրագրերի համադրման եւ համատեղ իրականացման հնարավորությունները:
Մասնավորապես նշվել է, որ թե' Հայաստանի, թե' Արցախի գյուղացիական տնտեսությունների շրջանում տարեցտարի աճում է հետաքրքրությունը ծխախոտագործության նկատմամբ, եւ օգտակար է համարվել Արցախում ՀՀ մարզերի փորձի կիրառումն ու վերջիններիս աջակցությունն Արցախում ծխախոտագործության զարգացմանը:
Քննարկվել են նաեւ խաղողի մթերման կազմակերպման գործընթացին, ինչպես նաեւ գինեգործության զարգացման ծրագրերին, արտահանման խրախուսմանն ուղղված համատեղ քայլերի իրականացմանը վերաբերող հարցերը:
ԼՂՀ-ից փոխվարչապետը մեկնել է Սյունիքի մարզ, ճանապարհին ծանոթացել նաեւ Գորիս-Ստեփանակերտ ավտոմայրուղու Տեղ համայնքին հարող հատվածի եւ Երեւան-Մեղրի միջպետական մայրուղու Սիսիան-Գորիս հատվածի վերակառուցման աշխատանքների ընթացքին, որոնց համար կառավարությունը վերջերս հատկացրել է շուրջ 2.9 մլրդ դրամ:
Տաթեւում Սյունիքի մարզպետի, ՀՀ քաղաքաշինության, տրանսպորտի եւ կապի նախարարության պատասխանատուների, Ազգային մրցունակության հիմնադրամի, «Ամերիա» ընկերության, շահագրգիռ այլ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվել են ճոպանուղու կառուցման, Երեւան- Մեղրի միջպետական մայրուղուց դեպի Տաթեւի համալիր տանող ճանապարհի վերակառուցման ընթացքին, ճանապարհամերձ շինությունների բարեկարգման, ինչպես նաեւ հոկտեմբերի 16-ին ճոպանուղու պաշտոնական ներկայացման արարողության կազմակերպմանը վերաբերող հարցեր: Նշվել է, որ ճոպանուղու եւ ճանապարհաշինական աշխատանքներն իրականացվում են ժամանակացույցին համապատասխան: Ճանապարհաշինական աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչեւ հեկտեմբերի 10-ը:



























