Երեւանի Ազատության հրապարակում ավարտվեց սահմանադրական փոփոխությունների եմ «Ոչ»–ի ճակատի երթը։ ՀԱԿ կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանը հիշեցրեց, որ հաջորդ հանրահավքը դեկտեմբերի 3–ին է, իսկ դեկտեմբերի 7–ին` հանրաքվեի հաջորդ օրը, քաղաքացիներին հրավիրեց նշելու «Ոչ»–ի ճակատի հաղթանակը։ (ֆոտոռեպորտաժ)

NEWS.am–ի թղթակիցը հաղորդում է, որ երթն անցավ առանց միջադեպերի։ Կառավարության մոտ երթի մասնակիցները մի պահ կանգ առան, միջնամատ ցույց տվեցին շենքի ուղղությամբ ու սուլեցին։ 

Ոստիկանները Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը ղեկավարությամբ ամբողջ ժամանակ հսկում էին երթը։

Նշենք, որ ինչպես նախորդ հանրահավաքներին, այս անգամ էլ հանրահավաքին ու երթին չէին մասնակցում «Ոչ»–ի ճակատը նախաձեռնած հիմնական կուսակցությունների առաջնորդներ Լեւոն Տեր–Պետրոսյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը։

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, որով նախատեսվում է անցում դեպի կառավարման խորհրդարանական համակարգ, տեղի կունենա դեկտեմբերի 6-ին: Հանրաքվեի քարոզարշավը մեկնարկել է հոկտեմբերի 10-ին։