Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանը վստահեցնում է, որ առանձնատունը, որտեղ ապրում է, վարձակալել է դեռեւս 2013 թվականին, երբ ոչ ոք չէր կանխատեսել, որ երկրում իշխանափոխություն կլինի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում այսօր՝ նոյեմբերի 20-ին, ասել է Անդրանիկ Մանուկյանն՝ անդրադառնալով այն հրապարակմանը, որ ինքն օրերս վարձել է Ուկրաինայի Անտառային ռեսուրսների գործակալության նախկին ղեկավար Վիկտոր Սիվեցի կնոջ՝ Մարինա Ժուրավլյովայի առանձնտունը։
Ըստ ուկրաինական լրատվամիջոցների հրապարակումների, քանի որ դեսպանի նստավայրը անձեռնմխելի է, այդպիսով նա հնարավորություն է ստեղծում Յանուկովիչի մտերիմ մարդուն, որը հայտնի դեպքերից հետո ապաստանել է Մոսկվայում, Կիեւ ժամանելիս՝ խուսափել հնարավոր խուզարկություններից։ Նշվում էր, որ Կիեւի Միչուրինի փողոցի թիվ 31 հասցեում գտնվող ամենամեծ առանձնատան դարպասին այսօր «Ուկրաինայում Հայաստանի դեսպանի նստավայր» գրությամբ ցուցանակ է հայտնվել: Սակայն սեփականության իրավունքի ռեեստրում այդ տունը վարձույթով տրամադրելու մասին տեղեկություն չկա:
«Ես էն ժամանակ եմ վարձել ու տիրոջից պայմանագրի հիմունքներով։ Վճարում եմ վարձերը եւ շատ զարմանալի է, որ այդ հարցը բարձրաձայնում են այսօր։ Ցուցանակը առաջին իսկ օրվանից այնտեղ է, եւ այս երկու տարիների ընթացքում ուկրաինական որեւէ իրավապահ մարմնից ես հարցում չեմ ստացել՝ ինչ հիմունքներով եմ բնակվում, պայմանագիր ունե՞մ, թե ոչ։ Ես վարձակալն եմ, կարող եմ դուրս գալ։ Ակնհայտորեն ստում են։ 2013-ի սեպտեմբեր ամսից պայմանագիր ունեմ»,-ասել է Անդրանիկ Մանուկյանը։
Մեր հարցին, թե այդ իրադարձություններից հետո ինչո՞ւ չի լուծարել պայմանագիրը, երբ հայտնի դեպքերից հետո նախկին իշխանության ներկայացուցիչները ենթարկվում էին խուզարկությունների, դեսպանն ասել է․ «Որեւէ մեկը, նույնիսկ լրագրող ինձ այդ հարցը չի տվել, ես այդ կնոջից եմ վարձակալել, պայմանագիր եմ կնքել ու վճարում եմ»։
Անդրադառնմալով այն դիտարկմանը, թե Մոսկվայում ապաստանած Մարինա Ժուրավլյովան Կիեւ ժամանելիս՝ իջեւանում է այս տանը, Մանուկյանն արձագանքել է․ «Ասում են փախուստի մեջ է, չէ՞, եթե այդպես է, մինչեւ տուն հասնելը օդանավակայանով է չէ՞ գալիս, դե թող բռնեն, խուզարկեն, ձերբակալեն, եթե դա ճիշտ է։ Այդ տանը որեւէ մեկը իրավունք չունի ապրել բացի դեսպանից։ Դա դեսպանի առանձնատունն է։ Եթե իմ վարձակալած տունը համարվում է կոռուպցիոն ռիսկ, ուրեմն աշխարհի բոլոր մարդիկ կոռուպցիոներներ են»,-վրդովվել է դեսպանը:
Անդրանիկ Մանուկյանը շեշտել է, որ իր միջոցների հաշվին է վարձել այդ դեսպանատունը եւ վրդովված հավելել, որ մյուս երկրների դեսպանների առանձնատները ավելի մեծ ու շքեղ են։
«Եկեք տեսեք Ռուսաստանի դեսպանի առանձնատունը 25 հեկտարի վրա է, Տաջիկստանինը՝ մեծ հսկա տարածք է, Անգլիայի դեսպանը ընդունելություններն անում է իր առանձնատանը, ոչ թե իմ պես վարձում է դահլիճներ։ Բոլոր դեսպանները ունեն առանձնատներ, ես երեք տարի բնակարան եմ վարձել, հետո մեր հայերը ինձ խորհուրդ տվեցին, ասեցին՝ ուզո՞ւմ եք վարձել։ Ես հաճույքով դուրս կգամ էդ տնից, որովհետեւ ինձ պետք չի»,-զայրացած ասել է Մանուկյանը։
Ավելի վաղ NEWS.am-ը գրել էր, որ Ուկրաինայի Անտառային ռեսուրսների գործակալության նախկին ղեկավար Վիկտոր Սիվեցի կնոջ՝ Մարինա Ժուրավլյովայի տունը դարձել է Հայաստանի դեսպանի նստավայրը: Այս մասին գրում է «Գլավկոմ»-ը՝ վկայակոչելով «Corrupt.UA»-ին:
Սեփականության իրավունքների ռեեստրի տվյալօներով, Ժուրավլյովային են պատկանում Կիեւի Միչուրինի փողոցի թիվ 29, 31, 33 հասցեների տներն ու հողատարածքները:
Թիվ 31 հասցեում գտնվող ամենամեծ առանձնատան դարպասին այսօր «Ուկրաինայում Հայաստանի դեսպանի նստավայր» գրությամբ ցուցանակ է հայտնվել: Սակայն սեփականության իրավունքի ռեեստրում այդ տունը վարձույթով տրամադրելու մասին տեղեկություն չկա:
Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի համաձայն՝ դեսպանի նստավայրը, ինչպես նաեւ դեսպանության տարածքն անձեռնմխելի են: Հետեւաբար, Սիվեցն այդ կերպ իրեն պաշտպանում է իրավապահների խուզարկությունից: Ներկայում դա կարեւոր է, քանի որ Ուկրաինայում ժամանակ առ ժամանակ նրա կինը գործնական այցով ժամանում է Կիեւ եւ իջեւանում հենց այդ տանը:
2010 թվականից Ուկրաինայում Հայաստանի դեսպանն Անդրանիկ Մանուկյանն է: Նրա նստավայրի տեղի եւ այնտեղ դեսպանի բնակության ժամկետի մասին հարցումը դեսպանությունն անտեսել է:
Վիկտոր Սիվեցն Ուկրաինայի նախկին նախագահ Յանուկովիչի մերձավոր պաշտոնյաներից էր: Յանուկովիչի փախուստից հետո, լրատվամիջոցների տվյալներով, Սիվեցը փոխադրվել է Մոսկվա:





























