Վրաստանում շատ ոլորտներ կան, որտեղ կարելի է ներդրումներ անել: Այս մասին Լիտվայի գործարար էլիտայի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրին:
Հանդիպման մեծ մասը նա խոսել է հանգստյան քաղաք Բաթումիի մասին: «Բաթումին ոչ մեծ քաղաք է, բայց ես չեմ կարողանում մտաբերել այդ մեծության մեկ այլ քաղաք աշխարհում, որտեղ միաժամանակ կառուցվում են բարձր մակարդակի 5 հյուրանոցներ. «Շերատոն», «Կեմպին», «Ռեդիսոն», «Հիլթոն» եւ «Հայաթ»: Դրանք մեծ հյուրանոցներ են, բայց դրանց կողքին հաջողությամբ կարող են աշխատել նաեւ հարյուրավոր փոքր հյուրանոցներ: Բաթումին գնալով ավելի շատ զբոսաշրջիկների է գրավում, ոչ միայն վրացիների, այլեւ հայերի ու ադրբեջանցիների: Շատ հետաքրքիր է, որ հայերն ու ադրբեջանցիները Վրաստանում միասին հանգստանում են:
Տարածված են նաեւ ազարտային խաղերը: Բաթումին շատ մեծ տուրիստական ներուժ ունի: Սեւ ծովի ափին որեւէ տեղ չկան նման ժամանակակից շինություններ. այստեղ հյուրերին սպասում են բազմաթիվ լավ հյուրանոցներ, զվարճանքի ակումբներ, վրացական հյուրասիրություն, վրացական գինի եւ խոհանոց»,- հայտարարել է Գիլաուրին:
Լիտվայի վարչապետ Անդրիուս Կուբիլիսն, իր հերթին, որոշակի հետաքրքրություն է ցուցաբերել վրացական բիզնեսի նկատմամբ: «Որոշ ոլորտներում, ձեր հաջողություններն այնքան մեծ են, որ կարող են նախանձ առաջացնել»,- ասել է նա:


























