ԱՄՆ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մայքլ Մալենն այսօր` սեպտեմբերի 3-ի երեկոյան ժամանել է Անկարայի «Էսենբողա» օդանավակայան: Ամերիկացի գեներալին դիմավորել են Թուրքիայում ամերիկյան դեսպանատան աշխատակիցները:

Թուրքական Heberturk-ի փոխանցմամբ` այսօր Մայքլ Մալենը հանդիպում կունենա իր թուրք գործընկեր, Ըշըք Քոշաների հետ: Նրա մամուլի ասուլիսը նախատեսված է վաղը` սեպտեմբերի  4-ին:

Ըստ Թուրքիայի ԱԳՆ խոսնակ Սելչուք Ունալի, ԱՄՆ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի Թուրքիա այցը կրում է զուտ ճանաչողական բնույթ։  «Ամերիկացի գեներալի այցը որեւէ հատուկ օրակարգ չի ներառում, նա պարզապես, Պակիստանից հետո նախընտրեց լինել նաեւ Թուրքիայում»-նշել է Ունալը:

Իսկ ահա թուրքական մամուլի տեղեկությունների համաձայն՝ ամերիկացի գեներալի օրակարգում է լինելու Իրաքից ամերիկյան զորքերի դուրսբերումը, Աֆղանստանի եւ ահաբեկչության դեմ պայքարի խնդիրները:

Անդրադառնալով Իրաքից ամերիկյան ուժերի՝ Թուրքիայի վրայով անցնելու խնդրին, Ունալն ասել է. «ԱՄՆ-ը Թուրքիային չի դիմել զինտեխնիկայի տարանցիկ փոխադրման համար, իսկ սովորական տեխնիկական միջոցների փոխադրման հարցում թուրքական կողմը հայտնել է իր դրական մոտեցումը»: