Հյուսիսային Գլենդելում Ռոբերտ եւ Հակոբ (Ջեք) Թորոսյանները (վերջինը Papillon հացաբուլկեղենի գործարանի սեփականատերն է) 2014 թվականի ապրիլին գործնական վեճ են ունեցել խանութներից մեկի սեփականատերեր Հրաչ Գասպարյանի եւ Հարութ Ֆիթիլչյանի հետ: Ըստ Los Angeles Times-ի, վիճաբանությունը վերածվել է փոխհրաձգության:

Լոս Անջելեսի ոստիկանության եւ շրջանային դատախազի գրասենյակի համաձայն, փոխհրաձգության արդյունքում վիճաբանության մասնակիցներից երեքը տեղափոխվել են հիվանդանոց: Թորոսյան եղբայրները ձերբակալվել են, սակայն միայն Հակոբին է մեղադրանք առաջադրվել:

Մինչեւ հիմա հակասական վկայություններ կան այն մասին, թե ով է հրահրել հրաձգությունը: Հակոբ Թորոսյանի հացաբուլկեղենի գործարանը դեռեւս ներգրավված է սպանության եւ հրազենի գործադրմամբ հարձակման երկու դատական գործում: Այս մեղադրանքներով ցմահ ազատազրկում է նախատեսվում:

Սակայն անցյալ տարվա նոյեմբերին Գլենդելից փաստաբան Արմեն Թաշճյանը, ենթադրաբար, Ռոբերտ Թորոսյանին առաջարկել է 2 մլն դոլարի դիմաց կարճել նրա եղբոր դեմ դատական գործը: Այդ գումարով Թաշճյանի հաճախորդները՝ Գասպարյանն ու Ֆիթիլչյանը, կարող էին լքել երկիրը կամ լռել:

Թաշճյանին կասկածում են դրամաշորթության մեջ: Փաստաբանը, որի հետ հաջողվել է էլեկտրոնային փոստով կապ հաստատել, նշել է, որ դեռեւս չի տեսել մեղադրանքը եւ չի կարող մեկնաբանություն տալ: