Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ  Մանուկյանը նախօրեի սկանդալային հրապարակումից հետո  լքել է վարձակալած առանձնատունը։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 21-ին, NEWS.am-ի թղթակցին  հայտնել է դեսպանը։ Նա  երեկ արդեն մեզ հետ զրույցում հայտարարել էր, որ պատրաստվում է խզել պայմանագիրը։

«Արդեն հանված է ցուցանակը, դրոշը, ես լքում եմ այդ տունը։ Տուգանքներ եմ մուծելու  պայմանագիրը վաղաժամկետ լուծարելու համար, բայց հեռանում եմ։ Ես արդեն կենտրոնում վարձակալել եմ առանձնատուն»,- ասել է դեսպանը։

Հարցին, թե եթե որեւէ խնդիր չկար ու չէր համաձայնում հրապարակման  փաստարկների հետ, ինչո՞ւ որոշեց լքել, դեսպանը պատասխանել է. «Ես կայացրել եմ երեկ այդ որոշումը։ Այսքան ժամանակ ապրել եմ այդ տանը, որեւէ մեկը այդ հարցով ինձ չէր դիմել, եթե ունեին նման հետաքրքրություն իրավապահ մարմինները կարող էին տեղեկացնել ու ես հաճույքով դուրս կգայի, որեւէ մեկը չի դիմել։ Այդ հրապարակումը եղել է երկու օր առաջ ու աղմուկ բարձրացավ։ Հատկապես հայակական լրատվամիջոցները  հեղեղվեցին դրանով։ Հիմա ես թողնում հեռանում եմ»,-ասել է Անդրանիկ Մանուկյանը՝ նշելով, որ նոր վարձակալած առանձնատունը Կիեւի կենտրոնում է։

Նշենք, որ երեկ «Գլավկոմ»-ը՝ վկայակոչելով «Corrupt.UA»-ին գրել էր, որ Կիեւի Միչուրինի փողոցի թիվ 31 հասցեում գտնվող ամենամեծ առանձնատան դարպասին այսօր «Ուկրաինայում Հայաստանի դեսպանի նստավայր» գրությամբ ցուցանակ է հայտնվել: Սակայն սեփականության իրավունքի ռեեստրում այդ տունը վարձույթով տրամադրելու մասին տեղեկություն չկա: Ըստ հրապարակման տունըպատկանում է Ուկրաինայի Անտառային ռեսուրսների գործակալության նախկին ղեկավար Վիկտոր Սիվեցի կնոջ՝ Մարինա Ժուրավլյովայի առանձնտունը, ով նախկին նախագահ Յանուկովիչի մտերիմն է։ Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի համաձայն՝ դեսպանի նստավայրը, ինչպես նաեւ դեսպանության տարածքն անձեռնմխելի են: Հետեւաբար, Սիվեցն այդ կերպ իրեն պաշտպանում է իրավապահների խուզարկությունից: Ներկայում դա կարեւոր է, քանի որ Ուկրաինայում ժամանակ առ ժամանակ նրա կինը գործնական այցով ժամանում է Կիեւ եւ իջեւանում հենց այդ տանը:

Անդրանիկ Մանուկյանը վստահեցրել էր, որ տունը վարձակակալել է դեռեւս 2013 թվականին, երբ  նույնիսկ կանխատեսումներ չկային, որ իշխանափոխություն կլիներ Ուկրաինայում։