Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Վարդան Մինասյանի գլխավորությամբ, անցկացրեց իր առաջին հանդիպումը Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում: Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական ստադիոնում Հայաստանն ընդունեց Իռլանդիայի հավաքականին, որին մարզում է Ջիովանի Տրապատոնին: Թիմերն ընդգրկված են երկրորդ խմբում: Հայաստանի հավաքականի երիտասարդացած կազմում 90-ականների սերնդից մնացել են միայն դարպասապահ Ռոման Բերեզովսկին եւ թիմի ավագ, պաշտպան Սարգիս Հովսեփյանը, ով հինգերորդ անգամ է մասնակցում Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարին: Պետք է նշել, որ հանդիպումն ընթացավ գլխավոր մարզիչների նախընտրած սցենարով: Խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսներում Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հայտարարել էր, որ արդյունքից առավել կարեւոր է լավ խաղ ցուցադրելը եւ մարտունակ թիմ ունենալը:

Հակառակ այդ տեսակետին` Ջիովանի Տրապատոնին առաջնային էր համարել միմիայն արդյունքը: Խաղը հենց այդպես էլ դասավորվեց: Հայաստանի թիմն, ընդհանուր առմամբ, գեղեցիկ ու հասուն խաղ ցուցադրեց, եղան նաեւ սուր պահեր Շեյ Գիվենի դարպասի մոտ: Յուրա Մովսիսյանը, Հենրիխ Մխիթարյանը, Կարլեն Մկտրչյանը հարվածներ կատարեցին Իռլանդիայի դարպասին, սակայն հաջողության հասնել այդպես էլ չհաջողվեց: Իսկ իռալնադացիներն իրենց հատուկենտ պահերից մեկը վերածեցին գոլի: 63-րդ րոպեին իռլանդացիների ավագ Ռոբի Քինի հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին, իսկ 76-րդ րոպեին Քիթ Ֆեհին, ով դուրս էր եկել փոխարինման, օգտվելով Հայաստանի հավաքականի պաշտպանության սխալից, հայտնվեց ազատ գոտում եւ միջին տարածությունից գրավեց Բերեզովսկու դարպասը: Հայաստանի հավաքականը պարտվեց նվազագույն հաշվով: Հանդիպմանը ստադիոնում սկզբից մինչեւ վերջ հետեւեց նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: