Շվեդիայում գիտնականները կարողացել են կենդանի վարդերի մեջ էլեկտրոնային միկրոսխեմաներ տեղադրել: Նրանք հույս ունեն օգտագործել բույսերի յուրահատուկությունները նոր տեսակի հաղորդիչներ, «կանաչ» ալեհավաքներ եւ քլորոֆիլից էլեկտրականություն ստանալու համար:
Լինչեպինգի համալսարանի օրգանական էլեկտրոնիկայի լաբորատորիայի աշխատակիցները 20 տարուց ավելի աշխատել են նման բույսեր ստեղծելու համար:
Գիտնականները հայտնաբերել են PEDOT-S պոլիմերը, որը ջրի նման ներծծվում է բույսերի անոթատար համակարգում: Հայտնվելով վարդի ներսում՝ պոլիմերը լարեր է ձեւավորում, որոնցով հնարավոր է էլեկտրական հոսանք հաղորդել, փոխանցում է Lenta-ն:
Բույսերում, ինչպես նաեւ մարդու մարմնում կան էլեկտրոլիտներ: Լարերը միացնելով էլեկտրոլիտներին՝ գիտնականները տրանզիստր եւ փական են ստացել, որոնք թվային սխեմայի բազային տարրերն են:
«Հիմա կարելի է լրջորեն մտածել բույսերի էլեկտրականության մասին: Մենք կարող ենք նրանց մեջ հաղորդիչներ դնել, օգտագործել քլորոֆիլում արտադրվող էներգիան, կանաչ ալեհավաքներ կառուցել եւ նոր նյութեր ստեղծել: Եվ այդ ամենը բնական ճանապարհով»,- ասել է նախագծի ղեկավար Մագնուս Բերգրենը:





























