Լրացուցիչ վայրկյանի՝ «համակարգման վայրկյանի» առիթով տարբեր երկրների կարծիքները չափազանց տարբեր են: Հիշեցնենք. լրացուցիչ վայրկյանը պարբերաբար ավելացվում է՝ Արեգակի շուրջ Երկրի պտույտի ժամանակ առաջացող շեղումները փոխհատուցելու համար: ԱՄՆ ներկայացուցիչները հայտարարել են, որ այդ առիթով որոշման կայացումը հետաձգվել է մինչեւ 2023 թվականը:
Ըստ astronews.ru-ի, World Radiocommunication Conference համաժողովի շրջանակում հարցի քննարկումների արդյունքում հայտարարվել է, որ «որոշում է կայացվել ժամանակի հեռանկարային սանդղակի կիրառման եւ ազդեցության հետագա ուսումնասիրություններ կատարելու մասին, ներառյալ՝ «համակարգման վայրկյանի» վերացումը»:
Համակարգման վայրկյանի կիրառման հակառակորդների, այդ թվում՝ ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի, հիմնական փաստարկն այն է, որ ժամանակակից համակարգչային եւ արբանյակային համակարգերն իրենց հաշվումներում հենվում են ժամանակի հստակ չափման վրա, եւ «լրացուցիչ» վայրկյանի ավելացումը մեծ դժվարություններ կառաջացնի:
Փոխարենն այս դիրքորոշման կողմնակիցներն առաջարկում են որպես ժամանակի հենակետային սանդղակ օգտագործել ատոմային ժամացույցի օգնությամբ ժամանակի չափման վրա հիմնված սանդղակը, որը շտկող վայրկյանի կանոնավոր ավելացում չի պահանջում:





























