Շների, կովերի եւ ձիերի կլոնավորման աշխարհում խոշորագույն կենտրոնը նախատեսում են կառուցել չինական Տյանցզինում  (Պեկինից 200 կիլոմետր հեռավորության վրա), գրում է ՌԻԱ Նովոստին` վկայակոչելով China Daily թերթին:

«Ենթադրվող 200 միլիոն յուան (մոտ 30 միլիոն դոլար) արժողությամբ գործարանը կազմված կլինի լաբորատորիաներից, կլոնավորման կենտրոնից, գեների բանկից, ինչպես նաեւ գիտակրթական ցուցահանդեսային կենտրոնից», — գրում է պարբերականը` վկայակոչելով Տյանցզինի Տնտեսա-տեխնիկական զարգացման գոտու կառավարման կոմիտեին: 

Կոմիտեն արդեն ռազմավարական համաձայնագիր է կնքել   Yingke Boya Gene Technology (Tianjin) Ltd ընկերության հետ, որը Չինաստանում ցողունային բջիջների եւ կենսաբանական բժշկության ոլորտում առաջատար Boyalife Group Ltd-ի դուստր ձեռնարկություն է հանդիսանում: 

Նշվում է, որ կենտրոնի կառուցման նպատակներից մեկը կլոնավորման տեխնոլոգիաների հետագա կիրառությունն է` ընտանի անասունների բազմացման գործընթացի բարելավման համար: Թե ինչ ժամկետում է կառոևցվելու նախագիծը, չի հաղորդվել: 

Թերթի տվյալների համաձայն, Yingke Boya Gene Technology (Tianjin) Ltd-ն, հարավկորեական Sooam Biotech Research Foundation-ի հետ համատեղ նախկինում 550 շան  կլոնավորման համատեղ ձեռնարկություն էր ստեղծել, որոնք հատուկ առաջադրանքներ են կատարում օդանավակայաններում եւ մաքսատանը: