ՏՏ ոլորտում նորելուկ ընկերությունների համար գործող հարկային արտոնությունները շատ կարեւոր են: Այդ մասին նոյեմբերի 23-ին լրագրողներին ասել է Տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության նախագահ Արմեն Բալդրյանը: «Մեր ոլորտում նոր սկսող ընկերություններին աջակցությունը շատ անհրաժեշտ է, որովհետեւ նրանցից որոշները կարող են կարճ ժամանակում վերածվել ինքնուրույն խոշոր ընկերությունների: Դրանից կշահի ամբողջ տնտեսությունը», - հավելել է Բալդրյանը:
Հիշեցնենք, որ «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին պետական աջակցության մասին» օրենքի եւ կից օրենքների շրջանակում, ՏՏ նոր հիմնադրված ընկերությունները 3 տարով ազատվում են եկամտահարկից, իսկ շրջանառության հարկ վճարում են 10%-ի չափով (առկա 24,4-ից 36%-ի պարագայում): Արտոնությունները գործում են առավելագույնը 30 աշխատակից ունեցող ընկերությունների համար եւ ոչ ավել, քան 3 տարի ժամկետով: Օրենքը գործելու է մինչեւ 2020 թիվը, հայտերն ընդունվում են մինչեւ 2017 թիվը:





























