Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 3-ը խորհրդատվական այցով Երեւանում էր գտնվում Գերմանիայի Դաշնային Հանրապետության պաշտպանության նախարարության Պլանավորման վարչության Պլանավորման հիմնադրույթների, սկզբունքների եւ վերահսկման բաժնի պետ, գնդապետ Վոլֆգանգ Գեբելայնը:

Հայաստանի ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ այցի ընթացքում գնդապետ Գեբելայնը, Հայաստանում Գերմանիայի ռազմական կցորդ, գնդապետ Բրունո Պաուլուսի ուղեկցությամբ, հանդիպումներ է ունեցել Հայաստանի պաշտպանության նախարարության եւ ԶՈՒ գլխավոր շտաբի պաշտպանական պլանավորման գործառույթների համար պատասխանատու պաշտոնյաների հետ:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են պաշտպանական քաղաքականության իրագործման, ռազմավարական պլանավորման, բյուջետավորման, ֆինանսական վերահսկման եւ միջգերատեսչական համադրման հետ կապված հարցեր, ներկայացվել է Գերմանիայի փորձն այս ոլորտներում: