Հայաստանի ծրագրավորողները կհավատան կենսաթոշակային բարեփոխմանը, եթե հավատան, որ կարելի է մնալ եւ աշխատել երկրում:  Այդ մասին նոեյմբերի   23-ին լրագրողներին ասել է հանրապետության Տեղեկատվական տեխնոլոգիաների գործատուների միության նախագահ Արմեն Բալդրյանը:  «Ամբողջ հարցը վստահությունն է: Եթե մեր աշխատողները ունենան դա, հարցն այնքան սուր չի լինի, որքան այժմ է», - ասել է նա:

Հայաստանի արդյունաբերողների եւ ձեռնարկատերերի միության նախագահ Արսեն Ղազարյանն իր հերթին ասել է, որ  իր ձեռնարկությունում   (Ղազարյանը «Ապավեն» բեռնափոխադրող ընկերության գլխավոր տնօրենն է) ինքն է 5%-ի մուծումներն անում իր աշխատողների համար, չնայած մասնավոր սեկտորի համար կուտակային համակարգը դեռեւս պարտադիր չի դարձել:  «Մեզ հայտնի է, որ ներկայումս կառավարությունը քննարկում է կուտակային մուծումների բանաձեւում փոփոխությունների հարցը:  Բայց դրանք մասնավոր հարցեր են: Եթե ընդհանուր առմամբ խոսենք, կուտակային համակարգը անհրաժեշտություն է: Իհարկե, եթե մենք ուզում ենք, որ մեր երեխաները չստանան այն փոքրիկ թոշակը, որ ցավոք սրտի ստանում են մեր ծնողները», - ասել է Ղազարյանը:

Նշենք, որ հանրապետության ծրագրավորողները ժամանակին հանդես էին գալիս պարտադիր կուտակային կենսաթոշակային վճարումների դեմ: Արդյունքում պետությունը  վերացրեց 500 հազար դրամից բարձր վաստակողների համար  10%-ի դրույքը եւ թողեց միասնական 5% վճարը: