Այսօր Երեւանում տեղի է ունենալու հերթական «իշխանական հարսանիքը». ամուսնանում են Ազգային Ժողովի նախկին ՕԵԿ-ական, այժմ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գրիգորի Մարգարյանի (Բելաջիոյի Գրիշ) դուստրը եւ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի (Լֆիկ Սամո) եղբորորդին:

«Հայկական ժամանակ»-ը տեղեկացնում է, որ հարսանիքը տեղի է ունենալու Ալեքսանյանին պատկանող «Փարվանա» ռոստորանում: «Իշխանաօլիգարխիկ ամուսնությունները մեր երկրում, փաստորեն, ավանդույթ են դառնում: Միայն վերջին մեկ տարվա ընթացքում արդեն մի քանի նման հարսանիքներ են եղել` ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դստեր եւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի որդու, Սերժ Սարգսյանի դստեր եւ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի աներորդու, Հանրային խորհրդի նախագահ, ԱԺՄ առաջնորդ Վազգեն Մանուկյանի դստեր եւ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության առաջին տնօրեն, հայտնի դաշնակցական Ռուբինա Ղազարյանի որդու հարսանիքները եւ այլն: Հայաստանի պաշտոնյաների շրջանում ձեւավորվող այս նոր ավանդույթը, թերեւս, կարելի է բնութագրել մի բառով` ֆեոդալիզմ. գործող ռեժիմի ներկայացուցիչները կարծես թե մարաթոն են սկսել, թե ով կկարողանա իր երեխային ավելի բարձրաստիճան պաշտոնյայի երեխայի հետ ամուսնացնել»,- գրում է թերթը: