Թուրքիայի գլխավոր շտաբը հայտարարել է, որ հարված է հասցվել երկրի օդային տարածքը խախտած օդանավի:  Ինչպես գրված է  տարածված հայտարարության մեջ, օդանավը 10 անգամ զգուշացվել է խախտման մասին, ինչից հետո գործին միացել է Թուրքիայի երկու F-16:

«Նոյեմբերի 24-ին, մոտ 9:20-ին անհայտ ինքնաթիռը Հաթայ շրջանի Յայլադաղի տարածքում հինգ րոպեի ընթացքում տասը զգուշացում է ստացել,  բայց, չնայած դրան, խախտել է Թուրքիայի օդային տարածքը: Արձագանքման կանոնների շրջանակում, մեր երկու  F-16, որոնք այդ տարածքում պարեկություն էին իրականացնում, դիմադրություն են ցույց տվել ինքնաթիռին», - ասված է հայտարարության մեջ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ ՌԴ Պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր ռուսական ավիախմբի Սու-24 ինքնաթիռի հետ կապված միջադեպի մասին: Ռուսական ռազմական գերատեսչության հայտարարության համաձայն,  ինքնաթիռը կործանվել է Սիրիայի տարածքում, ենթադրաբար դա տեղի է ունեցել երկրից արձակված հարվածի հետեւանքով:   Ինքնաթիռը գտնվել է 6 հազար մետր բարձրության վրա: Օդաչուների ճակատագիրը պարզվում է: Նախնական տվյալների համաձայն, նրանց հաջողվել է դուրս թռչել օդանավից: