Այն բանից հետո, երբ  բրիտանական British Petrolium-ը հսկայական վնասներ կրեց Մեքսիկական ծոցում խորքային նավթահորերի տեխնոլոգիական վթարից հետո, այդ ընկերության ակտիվների վրա աչք են դրել աշխարհի մյուս էներգետիկ հսկաները։ Հայտնի է, որ British Petrolium-ը Բաքու-Թբիլիսի Ջեյհան նավթամուղի մոտ 60 տոկոսի սեփականատերն է։ Երեկ՝ սեպտեմբերի 3-ին ռուսական «Գազպրոմի» նախագահ Ալեքսեյ Միլլերը Բաքվում հայտարարել է, որ իր ղեկավարած ընկերությունը հետաքրքրված է Անդրկովկասում British Petrolium-ի ակտիվներով, եւ եթե դրանք վաճառքի դրվեն, ապա հաճույքով ձեռք կբերեն։ Այդ մասին հաղորդել է TVN24-ը։

Նշենք, որ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղով տարեկան մղվում է մոտ 38 մլն տոննա նավթ։ Այս տարի նավթամուղը սկսել է դեպի թուրքական նավահանգիստ մղել նաեւ թուքմենական նավթը, ինչը Ռուսաստանի սրտով չէ։ Հատկանշական է, որ ադրբեջանական ԶԼՄ-երը Դմիտրի Մեդվեդեւի այցի նախօրեին կրկնեցին թուրքմենական նավթի տեղափոխման մասին լուրը, թեեւ այն հաղորդել էին դեռեւս օգոստոսի կեսերին։

Բացի նավթամուղից՝ British Petrolium-ը հանդիսանում է նաեւ տրանսկասպյան գազամուղի օպերատորը, որով ադրբեջանական գազը հասցվում է Էրզրում։ Հնարավոր է՝ այդ գազամուղը մաս կդառնա Եվրամիության կողմից ծրագրվող NABUCCO գազամուղի, որով միջինասիական գազը պետք է հասցվի Եվրոպա, եւ որին կտրականապես դեմ է Ռուսաստանը։

Նշենք, որ սեպտեմբերի 1-ին Ռուսաստանի փոխվարչապետ Իգոր Սեչինը Կրասնոյարսկում հայտարարել է, որ ՌԴ կառավարությունը պատրաստ է աջակցել ռուսական ընկերությունների կողմից British Petrolium-ի ակտիվների գնման գործարքներին։