Տուլայում նոյեմբերի 3-ին հայկական ավտոբուսի վթարի հետեւանքով տուժած ուղեւորներից 6-ը շարունակում են բուժում ստանալ Ռուսաստանի Դաշնությունում: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից:

Նախարարության փոխանցմամբ՝ Տուլայի շրջանային կլինիկական հիվանդանոցում բուժում ստացող երկու հիվանդից մեկը նյարդավիրաբուժական, մյուսը վնասվածքաբանության բաժանմունքում է: Տուժածների Երևան տեղափոխելու  մանրամասները և նպատակահարմարությունը քննարկելու նպատակով Երևանում ՀՀ առողջապահության նախարարի մասնակցությամբ  հրավիրվում են մասնագիտական կոնսիլիումներ:

Մոսկվայի Սկլիֆոսովսկու անվան անհետաձգելի բուժօգնության քաղաքային գիտահետազոտական ինստիտուտում բուժվում է երկու հիվանդ, որոնց վիճակը  գնահատվում է կայուն ծանր: Քննարկվում է հիվանդերից մեկի երկրորդ վիրահատության հարցը: 

Նշենք, որ վթարից տուժած մի քաղաքացի հարազատների ցանկությամբ բուժումը շարունակում է Բուրդենկոյի անվան զինվորական կլինիկական հոսպիտալում, մյուսը` Սոլնիչնագորսկի շրջանային հիվանդանոցում: Նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար: 

Հիշեցնենք, որ Տուլայի մարզում ողբերգական վթարը տեղի էր ունեցել 2015թ. նոյեմբերի 3-ին։ Վթարից զոհվել է 9 մարդ։ Վթարի առնչությամբ հարուցվել է քրեական գործ «ճանապարհային երթեւեկության կանոնները եւ փոխադրամիջոցի շահագործման կանոնները խախտելու» հոդվածով։ Վարորդ Գառնիկ Հարությունյանը նոյեմբերի 4-ին կալանավորվել է, իսկ նոյեմբերի 12-ին նրան մեղադրանք է առաջադրվել «Տրանսպորտային միջոցի շահագործում, որը հանգեցրել է երկու եւ ավելի անձանց մահվան» հոդվածով: