Արդեն ավանդույթ են դարձել շփման գծում Ադրբեջանի ղեկավարության կազմակերպած սադրանքները, որոնց նպատակն է ձախողել հրադադարի ռեժիմը ամրապնդելուն, դիպուկահարններին շփման գծից հետ քաշելուն, բանակցային գործըթնացում առաջընթաց ապահովելուն ուղղված միջնորդների ջանքերը: Այդ մասին հայտարարել է Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը՝ մեկնաբանելով վերջին շրջանում ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հաճախակիացած Ադրբեջանի կողմից կազմակերպվող սադրանքները, մասնավորապես այս գիշեր տեղի ունեցած դիվերսիոն գործողության փորձը:

«Այս անգամ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի` ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի Բաքվում ղարաբաղյան հիմնախնդիրը զուտ խաղաղ միջոցներով լուծելուն ուղղված հորդորներից եւ կոչերից ժամեր անց, Ադրբեջանի ղեկավարությունը կրկին անգամ ցույց տվեց իր իրական դեմքը եւ սեփական քաղաքացիների կյանքի գնով սադրիչ գործողություններ իրականացնելու մոլուցքը: Այն ցինիզմը, որով իրականացվեց հունիսի 18-ի սադրանքը, կրկնապատկվեց այսօր»,- նշել է Հայաստանի ԱԳ փոխնախարարը:  

«Ժամանակն է, որ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի տապալմանը եւ միջնորդական ջանքերի ձախողմանն ուղղված Ադրբեջանի նմանատիպ հուսահատ եւ սադրիչ գործողությունները իրենց համարժեք գնահատականը ստանան միջազգային հանրության կողմից»,- ամփոփել է նա:

Նշենք, որ սեպտեմբերի 4-ին՝ ժամը 06:50-ի սահմանում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու հյուսիսարեւելյան ուղղությամբ (Ջրաբերդ բնակավայրից մոտ 2կմ արեւելք) արձանագրվել է հակառակորդի հետախուզական-դիվերսիոն խմբի հերթական առաջխաղացման փորձ: ԼՂՀ ՊԲ առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված համապատասխան գործողությունների եւ ծավալված մերձամարտի արդյունքում ադրբեջանական գրոհայինները` ՊԲ մարտական հենակետում թողնելով 1 դիակ, հետ են շպրտվել: Փախուստի ճանապարհին դիվերսիոն խմբի անդամները պայթել են ականների վրա, կան վիրավորներ: Ըստ հետախուզական տվյալների՝ նրանցից մեկը Ադրբեջանի ԶՈւ հետախուզական, մյուսը՝ սակրավորային վաշտի հրամանատար է: Ղարաբաղյան կողմից կորուստներ չկան:.

Ադրբեջանցի հրոսակները դիվերսիոն գործողություններ էին իրականացրել նաեւ օգոստոսի 31-ին Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի շփման գծում՝ Վերին Չայլու բնակավայրի ուղղությամբ: Մերձամարտի արդյունքում վնասվածքներ էր ստացել ԼՂՀ Պաշտպանության բանակի զինծառայող Ռուդիկ Մանասերյանը:

Իսկ հունիսի 18-ին Չայլուի ուղղությամբ Լեռնային Ղարաբաղ էր ներխուժել ադրբեջանական զինված դիվերսիոն խումբը: Մարտի ընթացքում հայկական կողմը կորցրել էր 4 զինվոր, եւս 4-ը՝ վիրավորվել էին: