Ամերիկացիները կարող են գաղտնի կերպով պայմանավորվել Թուրքիայի հետ՝ թուրքական տարածքներում Իրաքից դուրս բերված ամերիկյան ռազմական տեխնիկան տեղակայելու վերաբերյալ: Դա կարող է տեղի ունենալ հենց այսօր՝ ամերիկյան զինուժի գլխավոր շտաբի պետի՝ ծովակալ Մայքլ Մալլենի՝ Անկարա կատարած այցի ժամանակ: Այս մասին իր վերլուծականում գրում է թուրք վերլուծաբան Հիլմի Օզեվը:
«Ամերիկացի ադմիրալի ժամանումը պետք է դիտարկել որպես մեսիջ՝ ուղված տարածաշրջանային մյուս երկրներին»,- ասել է թուրք վերլուծաբանը: Ըստ նրա՝ Վաշինգտոնը ցանկանում է հերթական անգամ ցույց տալ տարածաշջանում Թուրքիայի կարեւորությունը որպես դաշնակից մասնավորապես Իրաքից զորքերի դուրս բերումից հետո, քանի որ յոթամյա պատերազմը մեծ հարված է հասցրել Մերձավոր Արեւելքում ԱՄՆ-ի վարկանիշին: «ԱՄՆ-ը ազդանշան է ուղարկում այն մասին, որ մյուս երկրները եւս պետք է հետեւեն իրենց օրինակին եւ էլ ավելի սերտացնեն իրենց շփումը Անկարայի հետ: Թուրքիայի, որպես ռազմավարական դաշնակցի անհրաժեշտությունն էլ ավելի է ուժեղացել Իրաքում ռազմական գործողություների դադարեցումից հետո»,- կարծիք է հայտնել Օզեվը:
Նա նաեւ նշել է, որ Թուրքիան եւ ԱՄՆ-ը արմատական քայլեր չեն ձեռնարկի ռազմական համագործակցության հաստատման վերաբերյալ՝ եկող շաբաթ անցկացվելիք հանրաքվեի, ինչպես նաեւ Թուրքիայում 2011 թվականին սպասվող ընտրությունների ընթացքում: Նրա կարծիքով՝ թուրքերն ու ամերիկացիները կգործեն գաղտնի, որպեսզի մինչ պատմական հանրաքվեի անցկացումը չգրգռեն հանրային տրամադրությունները:
Հիշեցենք, որ օգոստոսի 31-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պաշտոնապես հայտարարել է Իրաքում ԱՄՆ բանակի մարտական գործողության ավարտի մասին: Սեպտեմբերի 1-ից Իրաքում, որտեղ ամերիկացիները մնացին 7 տարուց ավելի, մնալու է մոտ 50 հազար զինծառայող: Նրանք շարունակելու են իրաքյան անվտանգության ուժերի ուսուցումը եւ ռազմական գործողությունների ժամանակ աջակցություն են ցուցաբերելու նրանց:



























