Ընդդիմադիր Հայ Ազգային Կոնգրեսն օրերս հրապարակել է կենսաթոշակային բարեփոխումների սեփական ծրագիրը։ ՀԱԿ-ն առաջարկում է հրաժարվել կառավարության կենսաթոշակային բարեփոխման ծրագրից, որով նախատեսվում է պարտադիր կուտակային համակարգի ներդրում։
Թեեւ մասնավոր կուտակային հիմնադրամների գործունեությունը առաջարկվող ծրագրում չի բացառվում, ՀԱԿ-ում գտնում են, որ դրանք պետք է ձեւավորվեն բացառապես կամավոր հիմունքներով։ Ընդսմին՝ պետությունը խստորեն պետք է վերահսկի այդ հիմնադրամների գործունեությունը՝ սահմանելով անգամ ներդրումային ծրագրերի ցանկը։ Ավելին՝ կենսաթոշակային մասնավոր հիմնադրամների ներդրումները պետք է ուղղվեն բացառապես դեպի արտադրական եւ սոցիալական ենթակառուցվածքները՝ կանխելով այդպիսով, միջոցների արտահոսքը հանրապետությունից դուրս։
Սակայն հարկ ենք համարում նշել, որ սույն առաջարկը տնտեսագիտորեն բավականաչափ հիմնավորված չէ։ Արտադրական եւ սոցիալական ենթակառուցվածքները որպես կանոն խոշորածավալ ներդրումներ են պահանջում, դրանց եկամտաբերության մակարդակը բարձր չէ, իսկ ներդրումների ետվերադարձը տեղի է ունենում տասնյակ տարիներ անց։ Ոչ մեծ մասնավոր ֆոնդերի համար դրանք գրավիչ չեն, պատահական չէ, որ ամբողջ աշխարհում արտադրական եւ սոցիալական ենթակառուցվածքների զարգացման պատասխանատվությունը դրված է կառավարության, ոչ թե մասնավոր սեկտորի վրա։
Բացի այդ՝ ենթակառուցվածքային օբյեկտները բավականաչափ իրացվելիություն չունեն, ինչը կարեւորագույն նախապայման է կենսաթոշակային ֆոնդերի համար։ Պատահական չէ, որ կենսաթոշակային ֆոնդերին թույլատրում են ձեռք բերել միայն արժեթղթեր, քանի որ դրանք փողի վերածելը վայրկյանների եւ րոպեների հարց է։ Այսինքն՝ կենսաթոշակային հիմնադրամը պետք է ունենա միայն այնպիսի ակտիվներ, որ ցանկացած պահի կարողանա դրանք կանխիկացնել եւ վճարել թոշակները։ Այլապես թոշակների վճարման հարցում մշտապես ի հայտ կգան խափանումներ եւ ուշացումներ։ Այն, ինչ առաջարկում է ՀԱԿ-ը, գործնականում փլուզելու է մասնավոր կենսաթոշակային համակարգը։ Անշուշտ՝ կառավարության կենսաթոշակային բարեփոխումների ծրագիրը զերծ չէ ռիսկերից, եւ այդ ռիսկերի օբյեկտիվ գնահատականները դեռեւս հնչեցված չեն։ Սակայն ընդիմադիր քաղաքական ուժի ներկայացրած ծրագիրը կուտակային հիմնադրամների զարգացման խնդիրը չի լուծում։
Սամվել Ավագյան



























