Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ սեպտեմբերի 4-ին ներկա է գտնվել արտակարգ իրավիճակների աշխատակցի օրվան նվիրված շքերթին եւ արտակարգ իրավիճակների նախարարության նոր շենքի բացման արարողությանը:

Շքերթին մասնակցել են արտակարգ իրավիճակների նախարարության կենտրոնական եւ մարզային բոլոր հրշեջ-փրկարարական ստորաբաժանումները:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ հանրապետության ղեկավարը տոնի առթիվ փրկարարական ծառայության գեներալ-մայորի կոչում է շնորհել նախարարության երկարամյա աշխատակիցներ` Հայաստանի փրկարար ծառայության տնօրեն, փրկարարական ծառայության գնդապետ Սերգեյ Ազարյանին եւ նույն ծառայության փրկարարական ուժերի վարչության պետ, փրկարարական ծառայության գնդապետ Վաչագան Նիկողոսյանին:

Նախագահը, տոնական միջոցառումից հետո, շրջել է նախարարության նոր շենքում, ծանոթացել աշխատանքային, նաեւ` հրշեջ-փրկարարների մարզումների համար ստեղծված պայմաններին: