Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը սեպտեմբերի 4-ին ընդունել է ֆրանսիացի աշխարհահռչակ դերասան Ժերար Դեպարդիեին, ով մեր երկրում է գտնվում ՀՀ Ազգային ժողովի նախագահի հովանու ներքո Հայաստանում անցկացվող «Կարոտ» միջազգային փառատոնին մասնակցելու նպատակով:
ԱԺ մամուլի ծառայությունի NEWS.am-ին հայտնում են, որ Հովիկ Աբրահամյանը տաղանդաշատ դերասաին հայտնել է, թե նա Հայաստանում բազմահազար երկրպագուներ ունի: Նրա ստեղծած կերպարները վաղուց արժանացել են հայաստանցի արվեստասերի համակրանքին:
Հովիկ Աբրահամյանը շատ բարձր է գնահատել այն փաստը, որ Ժերար Դեպարդիեն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, եւ ընդգծել նրա քաղաքացիական կեցվածքը, մանավանդ որ դերասանը ներկայացնում է մի երկիր, որն ապաստան է տվել 1915թ. Հայոց ցեղասպանությունից մազապուրծ մեր հայրենակիցների: Ֆրանսիան այն երկրներից է, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:
Ժերար Դեպարդիեն նշեց, որ ինքը Հայաստանը գիտի Ֆրանսիայում ապրող հայ համայնքի շնորհիվ:
Ժերար Դեպարդիեի խոսքով` իր այցելությունը Հայաստան կհետաքրքրի նաեւ Եվրոպայում գտնվող արվեստի մարդկանց, որպեսզի նրանք եւս գան Հայաստան եւ այստեղ ծրագրեր իրականացնեն: Ինքը` Դեպարդիեն, այդպիսի մտադրություններ ունի` Հայաստան բերել եվրոպական գործիչների եւ կինոյի փառատոն կազմակերպել: Նա ծրագրում է նաեւ աշխարհի տարբեր երկրներում գտնվող հայերի մասնակցությամբ կազմակերպել մշակութային միջազգային ծրագիր Հայաստանում, որի միջոցով ներկայացվի տարբեր ժամանակների հայկական արվեստը:
Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը պատրաստակամություն հայտնեց աջակցել նման ծրագրերին:



























