Beeline-ը Հայաստանում ֆիքսված հեռախոսակապի ոչ աշխարհագրական հեռախոսահամարների շուկա է դուրս եկել:  Հայաստանի Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովը (ՀԾԿՀ) նոյեմբերի 25-ին  ընկերությանն է տրամադրել  60 կոդը 83, 84 եւ 85 սկզբնահամարներով:

Ինչպես նշել է ՀԾԿՀ-ի հեռահաղորդակցության բաժանմունքի պետ Գեւորգ Գեւորգյանը, Ucom-ն ու «Ռոստելեկոմը» արդեն առաջարկում են ոչ աշխարհագրական կոդերով համարներ: Մի քանի այլ ընկերություններ դրանք ավելի փոքր ծավալով են օգտագործում, հիմնականում ներկորպորատիվ հեռախոսացանցերի համար: 

Նոր ցանցում տվյալները փոխանցվում են  CIP համակարգով, ինչը կորպորատիվ հաճախորդներին հնարավորություն կտա սեփական հեռախոսացանցեր (այսպես կոչված վիրտուալ ավտոմատ հեռախոսակայաններ) ստեղծել ներքին պահանջների կամ հաճախորդներին մատուցվող ծառայությունների  (օրինակ` հեռազանգային   կենտրոններում) համար:

Ինչպես NEWS.am-ի թղթակցին հայտնել է «ԱրմենՏել» ՓԲԸ-ի (Beeline-ի ապրանքանիշը) Մերուժան Միքայելյանը, նոր համարային տարողությունների համար ամբողջ անհրաժեշտ ցանցը պատրաստ է եւ դրանք կգործարկվեն  մոտ ապագայում: