Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տարածել է սեպտեմբերի 4-ի առավոտյան ղարաբաղյան հակամարտության գոտում տեղի ունեցածի իր վարկածը: Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության հաղորդագրությունից ակնհայտ է դառնում, որ բախում եղել եւ ադրբեջանական կողմը խոստովանել է իր 2 զինծառայողների մահվան փաստը:
Ըստ աղբյուրի, ինտենսիվ փոխհրաձգության արդյունքում զոհվել են ադբեջանական բանակի 2 զինծառայողներ, եւս մեկը վնասվածքներ է ստացել: ANS TV-ի ղարաբաղյան բյուրոյի փոխանցմամբ, զոհվածները եղել են սպաներ, եւ «հակառակորդի կրակակետերը ճնշելու ժամանակ նրանցից մեկի դին մնացել է ճակատի գծի հակառակ կողմում»:
Ադրբեջանական լրատվամիջոցների տվյալ հաղորդագրությունը մեկ անգամ եւս վկայում է, որ շփման գծում դիվերսիան նախաձեռնել են ադրբեջանցիները, հակառակ դեպքում բարդ է բացատրել ադրբեջանցի զինվորի դիակը «հակառակորդի» տարածքում:
Նշենք, որ սեպտեմբերի 4-ին՝ ժամը 06:50-ի սահմանում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու հյուսիսարեւելյան ուղղությամբ (Ջրաբերդ բնակավայրից մոտ 2կմ արեւելք) արձանագրվել է հակառակորդի հետախուզական-դիվերսիոն խմբի հերթական առաջխաղացման փորձ: ԼՂՀ ՊԲ առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված համապատասխան գործողությունների եւ ծավալված մերձամարտի արդյունքում ադրբեջանական գրոհայինները` ՊԲ մարտական հենակետում թողնելով 1 դիակ, հետ են շպրտվել: Փախուստի ճանապարհին դիվերսիոն խմբի անդամները պայթել են ականների վրա, կան վիրավորներ: Ըստ հետախուզական տվյալների՝ նրանցից մեկը Ադրբեջանի ԶՈւ հետախուզական, մյուսը՝ սակրավորային վաշտի հրամանատար է: Ղարաբաղյան կողմից կորուստներ չկան:
Ադրբեջանցի հրոսակները դիվերսիոն գործողություններ էին իրականացրել նաեւ օգոստոսի 31-ին Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի շփման գծում՝ Վերին Չայլու բնակավայրի ուղղությամբ: Մերձամարտի արդյունքում վնասվածքներ էր ստացել ԼՂՀ Պաշտպանության բանակի զինծառայող Ռուդիկ Մանասերյանը:
Իսկ հունիսի 18-ին Չայլուի ուղղությամբ Լեռնային Ղարաբաղ էր ներխուժել ադրբեջանական զինված դիվերսիոն խումբը: Մարտի ընթացքում հայկական կողմը կորցրել էր 4 զինվոր, եւս 4-ը՝ վիրավորվել էին:




























