Ռուսաստանի Թուրքիայի հետ չի պատերազմի այդ երկրի տարածքում, բայց կպատերազմի Սիրիայի, ինչպես նաեւ Հայաստանի տարածքում: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱՊՀ երկրների Ինստիտուտի Եվրասիական ինտեգրման եւ ՇՀԿ զարգացման բաժնի ղեկավար, ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեեւը:

Նրա խոսքով, դա տեղի կունենա այն դեպքում, եթե թուրքական ուղղաթիռները նույն քայլերը ձեռնարկեն, ինչ վերջերս, երբ երկու անգամ ներխուժեցին Հայաստանի օդային տարածք:

«Կարծում եմ՝ այդ պայմաններում Ռուսաստանը, ամենայն հավանականությամբ, Հայաստանին համապատասխան հակաօդային պաշտպանության համակարգեր կմատակարարի՝ արդեն գոյություն ունեցողներին փոխարինելու համար: Երկրորդ, Ռուսաստանը, հավանաբար, կարող է գործի դնել ժամանակակից կործանիչներ: Ամեն դեպքում, կարծում եմ, որ Ռուսաստանը կպատասխանի Հայաստանում»,- նշեց Վլադիմիր Եվսեեւը՝ ընդգծելով, որ օդային տարածքի այդպիսի խախտումները բավական կոշտ կդադարեցվեն:

«Այս տեսանկյունից, կարծում եմ, այն, ինչ տեղի է ունենում, կամրապնդի ռուս-հայկական հարաբերությունները»,- հավելեց փորձագետը:

Հիշեցնենք, որ Թուրքիայի զինված ուժերի ուղղաթիռները հոկտեմբերի 6-ին եւ 7-ին 2-4 րոպե շարունակ խախտել են Հայաստանի օդային տարածքը Արմավիր քաղաքի ուղղությամբ: Թուրքական ուղղաթիռները թռիչքներ են իրականացրել Իգդիր-Կարս երթուղով՝ Հայաստանի սահմանից ոչ հեռու: