Անպատժելիությունը նոր հանցագործություններ է ծնում, եւ ռուսաստանցի խորհրդարանականների համար դա առավել ակնհայտ դարձավ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Հայաստանի ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով ՌԴ Պետդումա ներկայացված Թուրքիայում իրագործված Հայոց ցեղասպանության ժխտման համար պատասխանատվության մասին օրինագիծը:
Շարմազանովն ընդգծեց, որ ժխտման անընդունելիության մասին Հայաստանը բազմիցս է հայտարարել, այդ թվում՝ հանցագործության 100-րդ տարելիցի տարում՝ 2015 թվականին: Ժխտման դեմ իրավական ակտեր են ընդունել Կիպրոսի եւ Հունաստանի խորհրդարանները, ինչպես նաեւ Եվրախորհրդարանը:
Հանցագործությունների դատապարտման անհրաժեշտությունը կապված է ոչ միայն Հայոց ցեղասպանության, այլեւ մարդկության դեմ իրագործված ցանկացած հանցագործության հետ: Հայկական կողմը, ըստ փոխխոսնակի, բազմիցս հայտարարել է, որ ճանաչումն առաջին հերթին Անկարային է հարկավոր, քանի որ Թուրքիային կհաշտեցնի սեփական պատմության հետ:
«Բայց նրանք դառնում են Թալեաթների եւ Էնվերների համախոհը: Իսկ անպատժելիությունը նոր հանցագործություններ է ծնում: Եվ հիմա նրանք իրենց իրավունք են վերապահել խոցել ինքնաթիռ, որը պայքարում էր ահաբեկիչների դեմ: Հնարավոր է՝ դա այս ճշմարտությունն ավելի վառ կերպով ներկայացրեց մեր ռուսաստանցի գործընկերներին»,- հայտարարեց Էդուարդ Շարմազանովը:
Վաղը՝ նոյեմբերի 26-ին, Շարմազանովը հանդիպելու է ՌԴ Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինի հետ: Քննարկվելիք հարցերի թվում անդրադարձ է լինելու նաեւ Լեռնային Ղարաբաղի իրավիճակին, հայ-թուրքական հարաբերություններին եւ ահաբեկչության դեմ պայքարին:





























