Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 4-ին հանդիպում է ունեցել Հայաստանի կարատեի ֆեդերացիայի մի խումբ անդամների հետ` կազմակերպության նախագահ Գրիգոր Միխայելյանի գլխավորությամբ:

Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են ֆիզիկական կուլտուրայի, մասնավորապես, մարտարվեստների ոլորտի զարգացման հետ կապված հարցեր:

Նախագահը նշել է, որ Արցախում գոյություն ունեն կարատեի տարբեր խմբակներ, եւ այս մարզաձեւում արդեն իսկ գրանցվել են որոշ հաջողություններ:  Սակայն Արցախում ցանկանում են էլ ավելի զարգացնել այս մարզաձեւը, եւ այս գործում առանձնակի տեղ է հատկացվում Հայաստանի կարատեի ֆեդերացիայի հետ համագործակցությանը:

Երկրի ղեկավարը համոզմունք է հայտնել, որ ներհայկական ներուժը բավականին մեծ է եւ անհրաժեշտ է այն ավելի արդյունավետ օգտագործել:

Հանդիպմանը մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, որը հանդիսանում է Հայաստանի կարատեի ֆեդերացիայի պատվավոր նախագահը, ԼՂՀ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռազմիկ Հովսեփյանը, պաշտոնատար այլ անձինք: