Սեպտեմբերի 5-ին Մոլդովայում անցկացվում է հանրաքվե` նախագահի ուղիղ համաժողովրդական ընտրություններ մտցնելու հարցով: Երկրի քաղաքացիները մեկ հարցի պետք է պատասխանեն. “Կողմ եք, արդյոք, սահմանադրական փոփոխությանը, որով նախագահը կընտրվի համաժողովրդական քվեարկությամբ”:
Հանրաքվեի անցկացման համար բացվել են 2035 ընտրատեղամաս, այդ թվում 78-ը` արտասահմանում: Քվեացուցակներում ընդգրկված է 2 միլիոն 660 հազար 440 ընտրող: Գործող Սահմանադրությամբ Մոլդովայի նախագահին ընտրում է խորհրդարանը: Ընտրվելու համար անհրաժեշտ է պատգամավորների ձայների 2/3-րդը: Արդեն երկու գումարման խորհրդարաններ չեն կարողանում նախագահ ընտրել: 2009-ի սեպտեմբերից նախագահի պաշտոնակատարն է Միխայ Գիմպուն:
Մոլդովայի կոմունիստներ կուսակցությունն իր կողմնակիցներին կոչ է արել բոյկոտել այսօրվա հանրաքվեն: Մոլդովայի վարչապետ Վլադիմիր Ֆիլատը հայտարարել է, որ նախագահական եւ արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերին կեսին միաժամանակ: Նա վստահություն է հայտնել, որ հանրաքվեն կկայանա, այնուհետեւ կարվեն անհրաժեշտ օրենսդրական փոփոխություններ եւ կնշանակվի ընտրությունների օրը:




























