Անցած գիշեր մահապարտ-ահաբեկիչը գրոհել է Դաղստանի Բույնակսկ քաղաքում մոտ գտնվող ՌԴ ԶՈՒ 136-րդ բրիգադի դաշտային ճամբարը: Վերջին տվյալներով, 3 զինվորական զոհվել է, 33-ը` վիրավորվել:

Ահաբեկչության հետեւանքով տուժածներից 5 ծայրահեղ ծանր վիճակում են: Բժիշկները պայքարում են նրանց կյանքը փրկելու համար: 15-ը ինքնաթիռով տեղափոխվել է Ռոստովի տարածքային զինվորական հոսպիտալ, ուր ժամանել են ռազմական բժիշկների լրացուցիչ բրիգադներ: Մյուս վիրավորները Բույնակսկի հիվանդանոցում են:

ՌԴ ՊՆ պաշտոնական վարկածով` ժամը 1-ին ահաբեկիչը ավտոմեքենայով բարձր արագությամբ փորձել է ներխուժել զորամաս, սակայն կասեցվել է կրակով: Պայթյունի հզորությունը համարժեք է եղել 50-ից 100 կգ տրոտիլի: Ահաբեկչության հետ կապված` ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը հրամայել է ուժեղացնել երկրի հարավի ռազմական օբյեկտների հակաահաբեկչական պաշտպանությունը: