Ճապոնացի մոտոարշավորդ Շոյա Տոմիզավան վախճանվել է Moto2 դասի աշխարհի առաջնության Սան Մարինոյի Մեծ մրցանակի խաղարկության ժամանակ ստացած ծանր վնասվածքների հետեւանքով:
“Տեխնոմագ” թիմի արշավորդն ուղիղ հատվածում արգելակման ժամանակ, բարձր արագությամբ կորցրել է վերահսկողությունը, ընկել է մոտոցիկլից, ինչից հետո նրան վրաերթի են ենթարկել Ալեքս Դե Անջելիսն ու Սքոթ Ռեդինգը: Այս արշավորդները եւս վնասվածքներ են ստացել, սակայն նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Շոյա Տոմիզավան տեղափոխվել էր հիվանդանոց: Չնայած բազմաթիվ պահանջներին մրցումը չէր դադարեցվել: Հաղթել է իսպանացի Թոնի Էլիասը: Երկու ժամ անց հայտնի է դարձել, որ գանգուղեղային վնասվածքների եւ ուժեղ ներքին արյունահոսության պատճառով Տոմիզավան մահացել է:
Սան Մարինոյի Մեծ մրցանակի խաղարկությունը սկսվեց եւ ավարտվեց մեկ րոպե լռությամբ: Այս ողբերգությունը մոտոարշավներում արդեն երկրորդն է մեկ շաբաթվա ընթացքում: Անցած կիրակի ԱՄՆ-ի Ինդիանապոլիս քաղաքում US GPRU պատանեկան շարքի մրցման ժամանակ զոհվել էր 13-ամյա Փիթեր Լենցը:



























