Չնայած Մոլդովայի ողջ տարածքում Երեւանի ժամանակով 23։00-ին ընտրատեղամասերը փակվել են, երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի կարողանում հրապարակել հանրաքվեի վերջնական արդյունքները։
Սեպտեմբերի 5-ին Սահմանադրության 78-րդ հոդվածի բարեփոխման համազգային հանրաքվեի ինտրիգը ընտրական ակտիվության էր մղում հասարակությանը: Նախկին նախագահ Վլադիմիր Վորոնինի կողմից ղեկավարվող Մոլդովայի կոմունիստական կուսակցությունն իր կողմնակիցներին կոչ էր արել բոյկոտել հանրաքվեն։ Խորհրդարանում կոմունիստներին չնչին թվով գերազանցող, իշխող «Դաշինք հանուն եվրոպական ինտեգրացման» բլոկն անկարող է գտնվել նախագահ ընտրել եւ սահմանադրական բարեփոխման հանրաքվե է նախաձեռնել։ Իշխանություններն առաջարկում են անցնել երկրի ղեկավարի համազգային ընտրության։
Սակայն քվեարկությունից ժամեր անց ԿԸՀ-ն ոչ մի կերպ չի կարողանում որոշել՝ կայացե՞լ է, թե` ոչ, սահմանադրական բարեփոխումը։ ԿԸՀ քարտուղար Յուրի Չոկանը «ՄՈԼԴՊՐԵՍ» պետական գործակալությանը հայտնել է, որ վերջին տվյալները չեն արտացոլում իրական պատկերը, քանի որ շատ տեղամասերից արդյունքները չեն ստացվել։ Միաժամանակ ԿԸՀ քարտուղարը նշել է, որ հանրաքվեն կայացած համարելու քիչ հավանականություն կա։
Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի քարտուղար Մարկ Տկաչուկը OMEGA գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ «ժողովուրդը հաղթել է իշխող ռեժիմի հանրաքվեին»։




























