Մեկնարկում է Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքի պաշտոնական այցը Մոսկվա: Երկուշաբթի՝ սեպտեմբերի 5-ին, նախատեսված է նրա հանդիպումը ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովի հետ: Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ երկկողմ հանդիպման ժամանակ Իսրայելի Պնախարարը մտադիր է հանդիպել Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ: Իսրայելի ԱԳՆ-ի աղբյուրը «Վրեմյա նովոստեյ»-ին հայտնել է, որ այցի ընթացքում կստորագրվի Իսրայելի եւ Ռուսաստանի միջեւ պաշտպանության ոլորտում համագործակցության մասին պայմանագիր: «Այս փուլում խոսքը վերաբերում է շրջանակային հանաձայնությանը, որը նախանշում է պաշտպանության ոլորտում երկու երկրների համագործակցության ընդհանուր ուղղվածությունը»,-հայտնել է պարբերականի զրուցակիցը: Է. Բարաքի կողմից քննարկվելիք թեմաներից մեկն էլ հավանաբար կլինի իսրայելական արտադրության անօդաչու ինքնաթիռների հերթական խմբաքանակի վաճառքը: Առաջին գործարքը կայացել է 2009 թվականի ապրիլին:
Իսրայելական լրատվամիջոցների հաղորդմամբ, Էհուդ Բարաքը հանդիպման ընթացքում կանդրադառնա նաեւ Մերձավոր Արեւելքում խաղաղ գործընթացի խնդրին: Մասնավորապես՝ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ ակնկալվում է, որ Իսրայելի նախարարը կխոսի երկրի վարչապետ Բենյամին Նաթանյահուի եւ Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասի հետ հանդիպման մասին, որը տեղի է ունեցել սեպտեմբերի 2-ին, Վաշինգտոնում: Նաթանյահուն եւ Աբասը պայմանավորվել են ուղիղ բանակցություններ սկսել այն կետից, որի շուրջ բանակցությունները դադարեցվել են կես տարի առաջ Իսրայելի այն ժամանակվա վարչապետ Էհուդ Օլմերտի կողմից: Բացի այդ, համաձայնություն է ձեռք բերվել, որ իսրայելա-պաղեստինյան համաձայնությունը պետք է տեղի ունենա 12 ամիսների ընթացքում: Աբասի եւ Նաթանյահուի միջեւ հաջորդ հանդիպումը պետք է տեղի ունենա սեպտեմբերի 14-ին, Եգիպտոսում:



























